Վեհափառի հորդորով հացադուլավորները դադարեցրել են բողոքի ակցիան
01 Դեկտեմբեր 2020
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ կառավարության շենքի առջև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած՝ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանին ու Գարիկ Ավետիսյանին է այցելել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Վեհափառը հորդորել է նրանց՝ դադարեցնել հացադուլը։
Տեղեկությունը հաստատել է Գեղամ Մանուկյանը՝ նշելով. «Սիրելի զինակիցներ, ընկերներ, հարազատներ։ Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարության շենքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ։
Նիկոլը պետք է անհապաղ հեռանա։ Մանրամասներն՝ առավել մանրամասն կներկայացնեմ այսօր երեկոյան։ Շնորհակալ եմ աջակցության, զորակցության եւ սրտացավության համար»։