Առանց Նիկոլ Հայաստան՝ համաժողովրդական հանրահավաք եւ երթ Երեւանում
05 Դեկտեմբեր 2020
Երևանի Ազատության հրապարակում այսօր, դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը: Շարժումը նախաձեռնել էին խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Ազատության հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ, մտքով ու հոգով ներկա են նաև տասնյակ, հարյուր-հազարավորներ՝ Սյունիքից մինչև Տավուշ, սփյուռքի բոլոր գաղթավայրերից մինչև Ջավախք։
«Այս հավաքը ինչ-որ մեկին իշխանությունից հեռացնելու և մեկ ուրիշին իշխանության կարգելու համար չէ։ Այս հավաքը վերջին 30 տարիներին այն եզակի հավաքներից մեկն է, որն արդեն 2 շաբաթ շարունակվում է, որը պայքար է հանուն արժանապատվության վերականգնման, հանուն ապագա սերունդների, որպեսզի որևէ սերունդ այս մասին դասագրքերում կարդալիս՝ երբեք չարձանագրի, որ հայրենիքը կորցրած, ծախած, պատերազմ պարտված, կապիտուլյացիոն փաստաթուղթ մեկ գիշերում ստորագրած, հասարակությունը պառակտած, որի անունն է Նիկոլ Փաշինյան, այդ անձին 2020 թվականին ժողովուրդը հանդուրժեց իշխանության ղեկին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Ազատության հրապարակում հավաքած քաղաքացիները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների եւ կամավորների հիշատակը։
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հանրահավաքի մեկնարկը տվեց Տերունական աղոթքով։
ՀՀ ԱԺ Բարգավաճ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ընթերցեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձը։ Ելույթներով հանդես եկան արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հանրահավաքի ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկավ ժամանակավորկառավարության վարչապետի միասնական թեկնածու, ՀՀ առաջին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։
Վերջում Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ համապետական հանրահավաքի վայրից սկսվելու է քայլերթ՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց-կառավարության ամառանոցներ երթուղով, որտեղ անմրջապես Նիկոլ Փաշինյանին կփոխանցվեն վերջինիս հրաժարականի հստակ պայմաններն ու վերջնաժամկետը:
Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկած երթը ավարտվեց կառավարական առանձնատների մոտ, որտեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը: Այդ պահանջը հետևյալն է՝ մենք մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տա և հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որևէ պայմանավորվածություն, որևէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա և վերջ:
Մենք երկու հարց կարող ենք քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը և ժամը, և երկրորդ, խոստանալ, որ ֆիզիկական հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: