Քաղաքական ուժերը, իրար հերթ չտալով, նախընտրական փուլում դառնում են «սոցիալիստ»
23 Նոյեմբեր 2018
Մտնում ենք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլ:
Եվ հնարավորինս շատ քվեներ ստանալու մոլուցքն այս անգամ էլ ստիպել է ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին մի կողմ դնել և խնամքով թաքցնել իրենց իրական՝ լիբերալ գաղափարախոսությունը և հիմնական սկզբունքները:
Փոխարենը՝ իրենց կարգախոսներն ու դրանց բացատրությունները շատ արագ և ջանասիրաբար կառուցում են սոցիալ-դեմոկրատական արժեքների ու գաղափարական հենքի վրա:
Այս վարքագծից անընդհատ զարմացող և հետաքրքրվողների համար էլ ունեն դրսից ներկրված և արդեն մաշված «կարճ պատասխան». «Իզմերը վերացել են՝ չկա սոցիալիզմ, լիբերալիզմ և այլն, դրանք բոլորը միացել են»:
Ի՞նչ է ստացվում:
Քաղաքական ուժը, այս կամ այն ձևով հենց ստանում է իշխանություն, սրբադասում է նեոլիբերալ արժեքները և նրա առաջարկած սոցիալ-տնտեսական քաղաքականության լուծումներում կարմիր գծով ամրագրվում են ազատական մոտեցումները, սոցիալական խնդիրների լուծման գործում պետության դերակատարության նսեմացումն ու ստանձնած պարտավորությունների հետևողական նվազեցումը, շուկայի «անտեսանելի ձեռքին» անսահման ապավինումը:
Այս մոտեցմամբ ստացվում է, որ պետությունը լավագույն դեպքում չի խանգարի շուկայական մրցակցային զարգացումներին: Իր «ձեռքերը կլվանա» և հեռու կմնա սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներից՝ իր կարծիքով մեծ լավություն անելով հանրությանը: Դե, քաղաքացին էլ թող իր գլուխը պահի: Շատ ու լավ աշխատողը թող լավ ապրի: Իսկ չաշխատողն էլ թող իրեն մեղադրի:
Ինչ խոսք. սոցիալ-տնտեսական զարգացման ազատական այս մոտեցումը ևս ունի որոշակի հիմնավորում, իսկ որոշ երկրներում էլ՝ գործնական կիրառություն:
Պարզ է նաև, որ մեր երկրում այս նեոլիբերալ մոտեցման և հիմնական սկզբունքների վրա են նախկին իշխանությունները կառուցել իրենց սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:
Պարզ են նաև արդյունքները՝ սոցիալական արդարության բացակայություն, 30 տոկոս աղքատության և 20 տոկոսից ավելի գործազրկության պահպանվող մակարդակ, պետական սեփականության շարունակաբար և առավելագույնս մասնավորեցում և պետության մասնակցության կրճատում, պետության սոցիալական պարտավորությունների շարունակաբար և առավելագույնս նվազեցում, տարածքային անհամաչափ զարգացման խորացում, ծնելիության ցուցանիշների անկում, շարունակվող արտագաղթ, հատկապես երիտասարդության շրջանում, և այլն:
Ցավոք արդեն տեսանելի է նաև, որ նոր իշխանությունները ևս անզիջում գնում են նեոլիբերալ գաղափարախոսության՝ նախկինների որդեգրած նույն ճանապարհով:
Այս դեպքում պետք է նշենք նաև, որ 20-րդ դարի վերջին քառորդից սկսած, այս մոտեցումներով քաղաքականությունները հիմնականում ձախողել են հասարակության բարեկեցության ապահովման գլխավոր նպատակադրումները և հետևողականորեն վերափոխվում են՝ վերարժևորելով պետության հիմնական դերակատարումը՝ սոցիալական ներառական զարգացում ապահովելու համար:
Բնական է, որ այս իրավիճակում, երբ գնում ենք ընտրությունների, այն էլ՝ արտահերթ, երբ գաղափարական պայքարի համար ժամանակ չկա, մեծ և իրական է գայթակղությունը՝ դիմելու անսահման պոպուլիզմին: Հատկապես, երբ քեզ հավատում է հանրության լայն հատվածը:
Նեոլիբերալ քաղաքական ուժերը, մտքում պահելով իրենց հիմնական գաղափարական ուղվածությունը, և սոցիալ-դեմոկրատական արժեքային համակարգ ունեցող ուժերին հերթ չտալով, հանկարծ հիշում են, որ Սահմանադրության համաձայն մեր երկիրը սոցիալական պետություն է, հետևաբար՝ իրենք պետք է վերացնեն աղքատությունն ու գործազրկությունը, ապահովեն աշխատատեղեր, ապահովեն սոցիալական բոլոր խնդիրների լուծումը, բարձրացնեն կյանքի որակը և այլն:
Այս դեպքում, բնականաբար, առաջանում են մի շարք առարկայական հարցադրումներ: Ասենք լա՛վ, բայց կոնկրետ ե՞րբ և ի՞նչ չափով, ինչպե՞ս՝ նեոլիբերալ մոտեցումներո՞վ:
Դե, ինչ խոսք, պատասխանն էլ արդեն պարզ է. «այս մանր հարցերին համակողմանի անրադառնալու համար ժամանակ չկա՝ նախընտրական փուլը կարճ է, հիմա կարևորը ընտրություններն են ու մեր ջախջախիչ հաղթանակը, սպասեք ընտրություններն ավարտվեն և ունենանք լիարժեք իշխանություն, հետո՝ կհավաքվենք ու կքննարկենք, ամեն ինչ լավ է լինելու»:
Փաստորեն ստացվում է, որ նորից հաստատուն քայլերով գնում ենք քաղաքական դաշտի լղոզման՝ ձեռնածություններով և անսահման պոպուլիզմի դրսևորումներով:
Շարքային ընտրողն էլ նորից կընկնի անորոշության և մոլորության մեջ, բնականաբար, այս իրավիճակում, չի կարողանա լիարժեք գիտակցված ընտրություն կատարել: Իսկ քաղաքական դաշտի կայացումը ստիպված պետք է նորից սպասի: Արդյունքում՝ այսպիսի պայմաններում էլ կձևավորվեն քաղաքական իշխանությունն ու ընդիմությունը:
Առնվազն նորից հուսանք, որ այս անգամ իշխանության եկող քաղաքական ուժը կմոռանա իր մտքում խնամքով պահած նոելիբերալ գաղափարները, նախընտրական քարոզարշավի ընթացքում գոնե ինքն իրեն կլսի և կհավատա, իսկ հետագայում էլ սոցիալական ներառական զարգացման համար իրական գաղափարական հիմք ու հավաքական լուծումներ կապահովի:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Թադևոս Ավետիսյան