ՀՅԴ-ն քննադատելու է իշխանության վարած սխալ քաղաքականությունը
14 Դեկտեմբեր 2018
Քաղաքական դաշտում Դաշնակցության ներկայությունը ամենեւին պայմանավորված չէ Ազգային ժողովում լինելու–չլինելու հանգամանքով. ԱԺ ընտրություններով որեւէ բան չի սկսվում եւ չի ավարտվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։
Նա նաեւ չի կարծում, որ ԱԺ–ում ներկայացված չլինելն ինչ-որ կերպ խոչընդոտելու է կուսակցության գործունեությունը։
Արսեն Համբարձումյանը շեշտեց, որ ՀՅԴ–ն շարունակելու է գործունեությունն արտախորհրդարանական ճակատում, ընդդիմադիր դաշտում։
Անդրադառնալով օրակարգային հարցերին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ քաղաքական մենիշխանության հաստատումը Հայաստանում երկրի զարգացման համար ճիշտ չէ՝ հավելելով, որ սուր քննադատելու են իշխանության քաղաքականությունն այնտեղ, որտեղ համարելու են սխալ, եւ կաջակցեն բոլոր այն մոտեցումներին, որոնք կհամարեն իրենց գաղափարներին հարազատ։
Նա նաեւ հայտնեց, որ հետեւողական են լինելու իրենց մոտեումներից բխող սոցիալ–տնտեսական քաղաքականության հետ կապված հարցերի լայն սպեկտրին։
Հարցին՝ այսինքն ՀՅԴ–ն հիմա սպասողական վիճակո՞ւմ է, կախված նրանից, թե ինչպես կկառավարի իշխանությունը, Համաբարձումյանը նշեց. «Ոչ։ Մենք հակազդողի դերում չենք լինելու, պատրաստվում ենք նախաձեռնողական քաղաքականություն վարել եւ օրակարագ բերել այն հարցերը, որոնք անհրաժեշտ ենք գտնում»։