Մենք ենք, մեր կուռքերը
15 Դեկտեմբեր 2018
ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն անցան ազատ, արդար, թափանցիկ: Դրանք մեր նորագույն պատմության ամենաարդար ընտրություններն էին, կա համընդհանուր վստահություն ընտրության արդյունքների նկատմամբ… Ամեն ինչ հրաշալի է, գրեթե` թավշյա: Արևմուտքը, կարծես, բավարարվել է` մեզնից մի փոքր ավելին պահանջելով, հույս է հայտնել, որ ապագայում ավելի լավ ընտրություն կունենանք: Թվում է` ուրիշ էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար: Հա, ՄԻՊ Արման Թաթոյանն էլ է գոհ մեր ընտրություններից: Ասում է` հայերը «Ֆեյսբուք»-ում են մի քիչ գժտվել, հայհոյել միմյանց, բայց դա հեչ, կանցնի, որովհետև ընտրությունները լավ ջրբաժան կարող են լինել…
Հիմա, երբ արդեն տրվել են ընտրությունների հիացական գնահատականները, երևի կարելի է հանգիստ նստել և մտորել դեկտեմբերի 9-ից առաջ ու հետո, ինչպես նաև դեկտեմբերի 9-ին տեղի ունեցածի շուրջ: Բայց մինչ այդ ես կխնդրեի, որ մեկնումեկը մեզ բացատրեր առանձին վերցված մեկ քաղաքական ուժի 800 հազար քվե տալու հայկական այս ֆենոմենը: Առաջ դա պատճառաբանում էին վախի ու սարսափի մթնոլորտով, համատարած ընտրակաշառքով: Իսկ հիմա՞ ինչ ենք ասելու, երբ չի եղել ոչ մեկը և ոչ էլ մյուսը: Հեղափոխական էյֆորիայո՞վ: Ա՛խ, մի ծիծաղեցրեք ինձ, ես դրան չեմ դիմանա: Իսկ չկա՞ ավելի լուրջ պատճառ, զորօրինակ այն, որ Հայաստանի ամենահայտնի ընտրակեղծարարներն ազատության մեջ էին այդ օրերին և ունեին գործելու լիակատար թողտվություն: Սա զուտ ենթադրություն է, հարգելինե´րս, և խնդրում եմ ուրիշ բան չմտածել:
Օրերս մեկն ասում էր` հայաստանցիներին էյֆորիայի մեջ գցելու համար կա´մ թավշյա հեղափոխություն պետք է անել, կա´մ փող բաժանել: Ես երկար մտածեցի նրա ասածների վրա ու եկա այն եզրակացության, որ նա ճիշտ է ասում: Մենք տեսել ենք թե´ մեկ և թե´ մյուս էյֆորիան: Բայց այդտեղ մի հարց առաջացավ` ինչո՞ւ ենք ամեն ընտրությունից առաջ մարդկանց գցում էյֆորիայի մեջ: Դա չի՞ վնասի, արդյոք, մեր քաղաքացիների առողջությանը: Չգիտեմ` դուք ինչպես, բայց ես անձամբ էյֆորիայի մեջ ընկա, երբ իմացա, որ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգայիններից ամենաշատ ձայները, կարծեմ` 32 հազար, տարել է Սասուն Միքայելյանը, որ հեղափոխության առաջին օրվանից և ողջ քարոզարշավի ընթացքում, սկանդալային հայտարարություններից բացի, ոչնչով աչքի չի ընկել: Մեկ ուրիշ սկանդալիստ էլ` Արարատ Միրզոյանը, 30 հազար ձայն է տարել: Փաստորեն, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը միասին հաղթահարել են «Իմ քայլի»` ԱԺ անցնելու շեմը: Նման բան հնարավո՞ր էր միայն հեղափոխական էյֆորիայով: Պատահաբար պաթոլոգիա չկա՞ այստեղ, եթե բացառում ենք, որ հեղափոխական էյֆորիան կատալիզացվել է ֆինանսական էյֆորիայով:
«Իմ քայլը» դաշինքում ամենաշատ ձայներ տարել են հայտնի քաղաքական և պետական գործիչ Սամվել Ալեքսանյանի «տիրույթներում» առաջադրված ռեյտինգային թեկնածուները: Սա նույնպես վատ մտքով չեմ ասում, պարզապես ես հիմա չգիտեմ` դեկտեմբերի 9-ին այդ նույն Սամվել Ալեքսանյանի ավանդական ընտրազանգվա՞ծն էր ուժեղ էյֆորիայի մեջ, թե՞ անձամբ Սամվել Ալեքսանյանը, որ քարոզարշավի նախաշեմին Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով դադարեց օլիգարխ լինելուց և «օրինապահ գործարար» տիտղոսն ստացավ:
Հիմա, ենթադրենք, «Իմ քայլի» հաղթանակը մաքրամաքուր, Փաշինյանի անվան հետ կապված հեղափոխական էյֆորիայի արդյունք էր: Իսկ ի՞նչ էյֆորիա կար Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության շուրջ: Քիչ հավանական է այն թեզը, թե Էդմոն Մարուքյանը դառը դատել, դատարկ նստել է հանուն մեր ժողովրդի: Եվ ապա` մեր ժողովրդի մեջ նման բաները վաղուց է, ինչ միայն խղճահարություն են առաջացնում: Հետևաբար, այդ ինչպե՞ս պատահեց, որ հեղափոխության ջահերի ծխից վատացած էդմոնմարուքյանականները հայտնվեցին ժողովրդական դրական էմոցիաների շրջագծում: Եթե ընդունենք, որ Էդմոն Մարուքյանը նաև փող չի բաժանել, ապա մնում է ասել, որ այս ընտրություններում եղել է էյֆորիայի մի աղբյուր ևս, որ տակավին պաշտոնապես բացահայտված չէ, բայց դրա մասին շատերն են խոսում:
Ընթերցողը, կարծում եմ, կհամաձայնի մեր այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ու թավշյա հեղափոխությունը, եթե ոչ հակոտնյա, ապա, առնվազն, դժվար համադրելի երևույթներ են: Բայց այնպես ստացվեց, որ Փաշինյանն ու Ծառուկյանը ընտրությունների գնացին` հուշագիր ստորագրած: Մենք չենք բացառում, որ դրանից հետո հեղափոխության փոշին որոշ չափով նաև ԲՀԿ-ի ուսերին իջավ, բայց և չենք կարող ասել, որ Գագիկ Ծառուկյանին ձայն տվեց ԲՀԿ-ի պոլիտէյֆորիկ ընտրազանգվածը: Դարձյալ հիշեք, թե ում կերպարով էր Ծառուկյանը քարոզարշավ իրականացնում մարզերում` համադրելով թույլատրելին անթույլատրելի խոստումների հետ:
Ընտրությունների ելքի վրա ազդեցի՞ն, արդյոք, դրանց անցկացման ժամկետները, նոր ԸՕ-ի տապալումը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային «հեղափոխական» ելույթները, նրա հնչեցրած սպառնալիքները, Հայաստանում ծայր առած ու վերջը չերևացող հետապնդումները, աննախադեպ պոպուլիզմը, «Իմ քայլի»` օրենքի բոլոր խախտումներով իրականացրած քարոզարշավը և այլն: Սա էլ, կարծում եմ, առանձին խոսակցության թեմա է, թեև այդ թեմայի թելերը դարձյալ մեզ անշեղորեն տանելու են դեպի էյֆորիկ ափեր, որտեղ մեզ լավ ենք զգում և կարողանում ենք չտեսնելու տալ մեր թույլ կողմը, այն է`կուռքեր ստեղծելն ու դրանց երկրպագելը: