Լիբանանի հետ հարաբերությունները զարգացնելու համար մեծ հնարավորություններ կան
04 Փետրվար 2019 Լիբանանում զբոսաշրջության նախարար նշանակված Ավետիս Կիտանյանի խոսքով՝ չնայած փոքր-ինչ դժվարությամբ կազմավորվեց Լիբանանի կառավարությունը, սակայն ինքն արդեն նախաձեռնել է, թե իր ոլորտում ինչ քայլեր է ձեռնարկելու: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ Լիբանանն ունի բոլոր պայմանները զբոսաշրջությունը զարգացնելու համար:«Լիբանանը թե՛ ծով ունի, թե՛ հյուրանոցային ծառայություններն են շատ բարձրակարգ: Հետևաբար Արևմուտքից և ինչու չէ նաև Ռուսաստանից, Չինաստանից դեպի Լիբանան զբոսաշրջիկներ ներառելու ծրագիր ունենք: Եվ չնայած որ Լիբանանն ունի Զբոսաշրջության նախարարություն, դրա կողքին հիմնելու ենք նաև մի կառույց, որը ծառայելու է Լիբանանի շուկայացմանը, այսինքն՝ Լիբանանի գովազդով է զբաղվելու»,- ասաց նա:

Ավետիս Կիտանյանի խոսքով՝ ինքը մշտապես համագործակցել է Հայաստանի կառավարությունների հետ: Մատնանշեց, որ թե՛ Կարեն Կարապետյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի կառավարությունների ժամանակ ինքը հանդիպել է Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարության հետ: «Երկու կառավարություններին էլ առաջարկել եմ Լիբանանի փորձը տրամադրել Հայաստանի կոմիտեի տրամադրության տակ, և անգամ գործնական առաջարկներ ենք արել․ այն, ինչ Լիբանանի մեջ արել ենք, իրենք էլ անեն: Մենք տարին մեկ անգամ խորհրդաժողով ենք կազմակերպում և հրավիրում ենք 150 ընկերություն 40 տարբեր երկրներից»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ նմանօրինակ բան կարելի է նաև Հայաստանում էլ անել, իհարկե ոչ այդքան շատ, գոնե 50-60 երկրներից ընկերություններ հրավիրել, որոնք, ըստ լիբանանահայ նախարարի, ճամփորդական գրասենյակներ են և իրենց երկրներում դերակատարություն ունեցող են և կարող են ուղղել իրենց հասարակությանն այն երկրներ, որտեղ ուզեն:
«Ես ասել եմ, որ պատրաստ եմ անգամ խորհրդաժողովի ֆինանսավորումն ապահովել իմ միջոցներով: Կմնա, որ Հայաստանը ապահովի այդ մարդանց կեցության, հյուրասիրության և այլ ծախսեր»,- ասաց նա:
Ավետիս Կիտանյանը նաև պատմեց, որ իր հետ նոր կառավարության անդամներն են կապվել, հարցրել, թե արդյոք առաջարկն ուժի մեջ է․ վարչապետ Փաշինյանը ցանկանում է դա ներառել կառավարության ծրագրի մեջ:
«Ես ասել եմ՝ այո՛, համաձայն եմ, տրամադրված եմ, որ ծրագիրն իրականանա: Հիմա սպասում եմ, որ նորից ինձ հետ կապվեն, որ իմանանք՝ երբ են ցանկանում ծրագիրն իրականացնել»,- ասաց Ավետիս Կիտանյանը:
Tert.am-ը հետաքրքրվեց նաև, թե նա ինչ կարծիք ունի Սփյուռքի նախարարության հետ կապված փոփոխությունների մասին: Նա նշեց, որ թեմայի վերաբերյալ կարծիք է հայտնում ոչ որպես այլ երկրի պետական գործիչ, նախարար, այլ որպես անհատ, որպես սփյուռքահայ․ «Սփյուռքի նախարարությունը մեծ նշանակություն ուներ: Ինքը հաջողում էր՝ կապեր հաստատելու համար Հայաստանի և սփյուռքի միջև տարբեր բնագավառներում: Այս ընթացքում ունեցանք Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնություն: Մեզ համար կարևոր նշանակություն ուներ դա: Հիմա չգիտեմ, թե պարոն Փաշինյանի կառավարության մեջ հատուկ հարցերով դեսպանի նշանակումը կկարողանա նույն կերպ աշխատել, ինչպես նախարարությունն էր, բայց իմ համեստ կարծիքն այն է, որ եթե անգամ պետք էր, որ այդ նախարարությունը լուծարվեր, այսքան արագ անելը կարող է սփյուռքին հուսախաբ անել, որովհետև նախարարության միջոցով կապ էր հաստատվում սփյուռքի տարբեր ոլորտների հետ»,- ընդգծեց նա:
Ավետիս Կիտանյանը մատնանշեց սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին և պատմեց, որ վերջերս Լիբանան նրա այցի ժամանակ հատուկ հանդիպում էր խնդրել իր հետ և զրուցել Հայաստան-Լիբանան հարաբերություններում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ կառավարության կազմում էլ լիներ Սփյուռքի նախարարությունը, ունենալու էր կարևոր նշանակություն: Կարծում եմ, որ նման արագ փոփոխությունը դրական կարող է և չլինել»,- նկատեց նա:
Խոսելով Հայաստան-Լիբանան հարաբերությունների զարգացման պոտենցիալի մասին՝ ազգությամբ հայ նախարարը նշեց, որ կան մեծ բացթողումներ: «Կան մի քանի լիբանանահայեր, որ ներդրումներ են անում Հայաստանում, կան նաև շատ ոչ լիբանանահայեր, որ ներդրումներ են անում: Բայց կարծում եմ, որ ավելի մեծ հնարավորություններ կան, և դրանք գործի դնելու համար պետք է պարզապես Հայաստանի կողմից ավելի քաջալերող քայլեր լինեն, հավատ ներշնչող օրենսդրություն և պայմաններ ստեղծվեն, որ մարդիկ գան: Շատ մարդիկ են ցանկանում Հայաստանում ներդրումներ անել, բայց պետք է ամեն ինչ արվի, որ վստահություն լինի, շարունակականություն ապահովող օրենսդրական կետեր լինեն: Նկատում եմ, որ ինչ-որ քայլեր սկսել են, այո՛, վստահ են, բայց դեռ հայաստանյան կողմը շատ ջանք ու ճիգ պետք է գործադրի լիբանանյան կողմին շահագրգռելու համար: Մենք՝ որպես լիբանանահայեր, շատ ենք քաջալերում մեր այստեղի հայերին, որ գան Հայաստան և այդտեղ գործեր անեն: Բայց դա լինելու համար պետք է նոր կառավարությունը մնայուն ինչ-որ բան նախաձեռնի, ոչ թե մեկ-երկու նախաձեռնություններով հանդես գա»,- ասաց նա:
Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան