Սփյուռքի մասնակցությունն այս քննարկումների ժամանակ շատ կարևոր են
05 Փետրվար 2019
Կարևոր է, որ 7 մլն Սփյուռք ունեցող պետությունն ունենա Սփյուռքի հարցերով զբաղվող առանձին գերատեսչություն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Նրա խոսքով՝ հայաստանակենտրոն Սփյուռք ունենալու, Սփյուռքի մասնագիտական ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է Սփյուռքի հարցերով զբաղվող ինստիտուցիոնալ կառույց ունենալ։
«Այսօրվա իշխանությունների օրակարգում կա հայրենադարձություն սկսելու վերաբերյալ դրույթ, որի հետ ես միանշանակ համաձայն եմ։ Սակայն հայրենադարձություն ասելով՝ չպետք է միանգամից հասկանալ զանգվածային հոսք դեպի Հայաստան, այս պայմաններում դա հնարավոր չէ։
Հայրենադարձությունը պետք է լինի բազմաճյուղ։ Օրինակ՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներում երբ ավելի թեժանա իրավիճակը, դարձյալ դեպի Հայաստան հոսք է սկսվելու, և պետք է լինի սփյուռքի հարցերով զբաղվող առանձին գերատեսչություն, որը կուղղորդի այդ ներգաղթը։ Բացի դա, այդ կառույցը նաև պետք է զբաղվի սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմամբ, տարբեր ծրագրերում այդ մասնագետներին ներգրավվելով, Հայաստանում ներդրումներ անել ցանկացողներին ուղղորդելով»,-նշեց Գանտահարյանը։
Ինչ վերաբերում է Գերմանիայում Քյոլնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սփյուռքի նախարարության փոխարեն Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը և հավանաբար կլինի հատուկ դեսպան, որը կլինի կառավարության ներկայացուցիչը Սփյուռքում, Շ․ Գանտահարյանը շեշտեց՝ «կարևորն աշխատանքի արդյունքն է, բայց, հաշվի առնելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքների ծավալն ու բնույթը, առավել նպատակահարմար է առանձին գերատեսչության գոյությունը։ Ես հասկանում եմ վարչապետի մտահոգությունը, որ շատ աշխատանքներ արվում են այլ նախարարությունների կողմից, սակայն կան ոլորտներ, որոնք կարող է համակարգել միայն Սփյուռքի հարցերով զբաղվող գերատեսչությունը։»։
Գանտահարյանի խոսքով՝ Սփյուռքի նախարարության լուծարման և Սփյուռքի հետ հարաբերությունները համակարգող մարմին ստեղծելու վերաբերյալ քննարկումներին պետք է մասնակցեն նաև Սփյուռքի տարբեր կառույցների ներկայացուցիչներ, սփյուռքահայ մասնագետներ․ «Որոշումն ընդունողն, իհարկե, Երևանն է, սակայն Սփյուռքի մասնակցությունն ու խորհուրդներն այս քննարկումների ժամանակ շատ կարևոր են»,- նշեց Գանտահարյանը։