Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը դեռևս չի ներկայացվել Մեջլիս
05 Մարտ 2019
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը Իրանի կառավարությունը դեռ չի ներկայացրել Իրանի Մեջլիս: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում Իրանում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագրի վավերացման գործընթացը:
«Անշուշտ, ընդհանուր քաղաքականությունը գործընթացի նկատմամբ դրական է: Կարծում եմ՝ առաջիկայում նախագիծը կմտնի խորհրդարան: Դրանից հետո նոր կլինի վավերացման գործընթացը»,- ասաց նա՝ նկատելով, որ երկրի բարձրագույն մարմինների վավերացման գործընթացի ուղղությամբ աշխատանք տանում են:
Դիտարկմանը, թե Իրանի խորհրդարանում կան նաև ադրբեջանցի պատգամավորներ, հնարավո՞ր է՝ նրանք խոչընդոտեն վավերացման գործընթացը, իրանահայ պատգամավորը պատասխանեց․ «Ես նման բան չեմ պատկերացնում»:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա մայիսի 17-ին՝ Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում: Արդեն իսկ ԵԱՏՄ 5 երկրից 3-ը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, վավերացրել են: ՀՀ-ն, ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի, ԱԺ առաջիկա նիստերի ընթացքում կվավերացնի: