Նվազագույն աշխատավարձի և նվազագույն զամբյուղի անհամապատասխանությունը հակասում է տնտեսության սոցիալական ներառական զարգացման սկզբունքներին
20 Հուլիս 2019 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային իրավունքների պաշտպանության, խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ քննարկում։ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի հետ:- Պարո՛ն Ավետիսյան, քննարկման ժամանակ Ձեր խոսքում նշեցիք, որ ուսումնասիրությունների ընթացքում հանգել եք այն եզրակացության, որ նվազագույն աշխատավարձի և նվազագույն զամբյուղի անհամապատասխանությունը հակասում է տնտեսության սոցիալական ներառական զարգացման սկզբունքներին, ինչպես նաև մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին: Խնդրում ենք՝ մանրամասնեք՝ հատկապես ի՞նչ հակասություններ կան այստեղ:

– ՀՀ-ն վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության 29 կոնվենցիաներ, դրանցից մեկը վերաբերում է նվազագույն աշխատավարձին: Այստեղ շատ հստակ նշված է՝ նվազագույն աշխատավարձը որոշելիս պետք է հաշվի առնել և՛ տնտեսական, և՛ սոցիալական մակրոգործոնները, այսինքն՝ պետք է նվազագույն աշխատավարձը ավելի ցածր չլինի, քան երկրում ձևավորված կենսաապահովման նվազագույն զամբյուղը: Վերջինս միջին հաշվարկված թիվ է, որն անհրաժեշտ է կենսաապահովման նվազագույն կարիքներն ապահովելու համար: Կենսաապահովման նվազագույն զամբյուղը 63 հազար 500 դրամ է այսօր և անշեղորեն աճում է այդ թիվը, իսկ մեր երկրում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է: Սա ոչ միայն սոցիալական ներառական զարգացման խնդիր է, այլ տնտեսական զարգացման: Այսինքն՝ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին չի կարողանում իր նվազագույն կարիքները հոգալ: Դա է պատճառը, որ մենք այսօր մեր երկրում ունենք աշխատող աղքատների լայն զանգված:
– Նվազագույն աշխատավարձի սահմանաչափը նախատեսվում է դարձնել 68 հազար դրամ, պետական համակարգից նշում են, որ հարցումներ են իրականացվել տնտեսվարողների շրջանում, որոնք նշում են, թե համաձայն են այդ շեմը մինչև 70 հազարի հասցնելը: Սակայն նվազագույն աշխատավարձի դրույքաչափին զուգահեռ չեն բարձրանում տնտեսվարողների եկամուտները: Այս ամենին գումարվում է նաև այն, որ ավելանում է նրանց հարկային բեռը: Այս պարագայում ի՞նչ խնդրի առաջ ենք կանգնելու:
– Նվազագույն աշխատավարձի բարձրացումը շատ տեղին է, բայց այստեղ խնդիրը հետևյալն է՝ պետությունը, բարձրացնելով նվազագույն աշխատավարձը, նաև պետք է հաշվի առնի տնտեսական գործոնները: Իհարկե, ես չեմ կարծում, որ 68 հազար դրամ սահմանելով՝ կառաջանա անհաղթահարելի խնդիր տնտեսվարողների համար, մանավանդ տարբեր հետազոտություններ դրա մասին վկայում են, բայց միանշանակ է, որ այս պարագայում, բարձրացնելով նվազագույն աշխատավարձը՝ այդ սոցիալական բեռը դրվում է գործատուների վրա: Պետությունը պետք է իր վրա վերցներ այդ բեռը:
– Ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Ի՞նչ պետք է անի պետությունը, որ չի անում:
– Նախ՝ նվազագույն աշխատավարձի չափը շարունակում է մնալ միայն պետության մենաշնորհ որոշումը: Այսինքն՝ պետությունը նայում է իր բյուջեի հնարավորությունները և որոշում է՝ ինչ-որ մի թիվ, Կառավարությունն ուղարկում է ԱԺ, որտեղ էլ այդ թիվը դակվում է: Այս մոտեցումը հակասում է ոչ միայն միջազգային լավագույն փորձին, այլ նաև մեր ստանձնած միջազգային պարտավորություններին: Այստեղ պետք է սոցիալական գործընկերները մասնակցեն, պետք է քննարկումներ լինեն, արհմիությունները, գործատուների միությունը պետք է ներկայացնեն իրենց տեսակետները: Պետք է լինեն իրական հաշվարկներ: Պետությունն առնվազն պետք է ստեղծի այս հարթակը: Պետք է օրենքով սահմանի, որ այդ թիվը ոչ թե ինքն է որոշում, այլ ձևավորվում է այդ մեխանիզմով: Դա ենք առաջարկում:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/Buym5RjePlw