Կառավարությունը պետք է կոնկրետ, տեսանելի ծրագրեր առաջարկի
15 Օգոստոս 2019 «Մինչև 2050 թվականը պետք է լուծենք հետևյալ խնդիրը՝ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»,- Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը դարձավ լայն բանավեճերի ու քննարկումների առարկա։ Թերահավատ քննադատները թվեր են վկայակոչում՝ ինչպե՞ս կարող ենք 30 տարում բնակչության թիվն ավելացնել 2 միլիոնով, եթե վերջին 5-6 տարում նվազում են ծնունդները, անշեղորեն բարձրանում է երեխա ունենալու միջին տարիքը։ 2019 թվականի առաջին կիսամյակում մշտական բնակչության թիվը նվազել է 8.200-ով, գործազրկության մակարդակը 21%-ից բարձրացել է 22%-ի։
Մինչև հեղափոխությունը սոցապնախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը չի տեսնում, թե Կառավարությունն ինչ ծրագրերով է բնակչության թիվը հասցնելու 5 միլիոնի. «Եթե բնակչության թվաքանակը չի ավելանում, ծնունդները նվազում են, գործազուրկների թիվն ավելանում է, մշտական բնակչության թիվը կրճատվում է, միգրացիայի բացասական հաշվեմնացորդը կայուն մնում է, հասարակության ծերացման ցուցանիշը գնալով վատանում է, այս պարագայում ինչպե՞ս կարելի է խոսել, որ մենք կունենանք թռիչքային, առաջանցիկ աճ և 30 տարի անց մեր բնակչության թիվը կավելանա 2 միլիոնով»:
Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ Կառավարությունը պետք է կոնկրետ, տեսանելի ծրագրեր առաջարկի, հատկապես՝ սոցիալապես խոցելի, բազմազավակ խավերին. «4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների 50%-ն աղքատ է, և այստեղ լուրջ սոցիալական խնդիր կա։ Էապես կրճատվել է բազմազավակ ընտանիքների թիվը նախորդ 15 տարիների ընթացքում։ Այստեղ չունենք աջակցություն: Կան մարդիկ, որոնք սոցիալական բնակարանի կարիք ունեն, ասենք՝ մանկատան շրջանավարտներ, աղքատ ընտանիքներ տարբեր բնակավայրերում, և այստեղ համակարգված նպատակային պետական ծրագիր է պետք։ Բազմազավակ ընտանիքների համար նախ և առաջ զբաղվածության ծրագրեր լինեն՝ այդ ընտանիքի երեխաների համար արտոնյալ կրթական ծրագրեր, կոմունալ վճարների մասով արտոնությունների տրամադրում, առողջապահական փաթեթներ։ Ո՞ւր է այդ ծրագիրը, որովհետև մենք չենք կարող ոչինչ չանելով՝ սպասել, որ 2050-ին հեքիաթը կունենա դրական ավարտ, և մենք կունենանք 5 միլիոն բնակչություն»։