Հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով
21 Օգոստոս 2019 ՀՅԴ-ն գտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ ստեղծված լարվածության պատճառը իշխանությունների հակասական, չկշռադատված գործողություններն են, որի արդյունքում՝ հասարակության մոտ մեծ սպասումներ էին ձևավորվել և որն իրենք չկարողացան սպասարկել. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:«Հարցի հանրային մեծ հնչեղությունը հաշվի առնելով՝ գտնում ենք, որ պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացվեն, և հարցը լուծվի հանրաքվեի միջոցով: Բերված փաստարկները համոզիչ չեն, պետք է գնանք մասնագիտական խմբերի լրացուցիչ երկխոսության և հարցը լուծենք հանրաքվեի միջոցով. թող մեր ժողովուրդն ինքը որոշի՝ պե՞տք է հանքի շահագործումը մեզ, թե՞ ոչ»,-ասաց նա:

Սաղաթելյանը հիշեցրեց, որ իշխանությունները մշտապես շեշտում են, որ ժողովուրդը պետք է որոշի և ասի, թե ինչ պետք է մենք անենք: «Դե թող ժողովուրդը որոշի, եթե իրենք անկեղծ են: Այսինքն՝ ժողովրդին պետք են համապատասխան փաստարկներ, հիմնավորումներ, լրացուցիչ տեղեկություններ, որի արդյունքում հանրաքվե լինի և որոշեն, պե՞տք է հանքի շահագործումը մեր պետությանը, երկրին, թե՞ ոչ»,-ասաց նա և հավելեց, որ հանրաքվեն կարող է լինել ոչ թե տեղային՝ շրջակա համայնքների շրջանում, այլ համընդհանուր:
Հարցին, թե ինչո՞ւ համոզիչ չեն բերված հիմնավորումները և արդյո՞ք հնարավոր ճնշումներ կան կառավարությանն ուղղված՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը նշեց, որ դեռևս մեկ տարի առաջ կառավարությունը չպետք է նման սպասումներ ձևավորեր հասարակության մոտ, որ Ամուլսարի հանքը չի շահագործվելու: «Ըստ էության, այդ ուղղությամբ էր տարվում: Մի տարի բա ինչո՞ւ աշխատանքները դադարեցին: Հստակ ինֆորմացիա չունենք՝ ճնշումներ կա՞ն, թե՞ չկան, փաստեր չունենք, բայց ակնհայտ է, որ բերված հիմնավորումները, փաստարկները համոզիչ չեն, և սա առիթ չպետք է հանդիսանա, որ հասարակությունը լրացուցիչ բևեռացվի կամ մեր հասարակության պառակտվածությունն ավելի խորանա: Պետք է համոզիչ փաստարկներ բերեն և գտնենք ճիշտ լուծումներ»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական շրջադարձներ լինեն այս ֆոնին, Սաղաթելյանը պատասխանեց. «Այն, որ այս հարցը շատ «ջուր կվերցնի» և կշարունակի մնալ քաղաքական-հասարակական օրակարգում անհայտ է»:
Հեղինակ Նելլի Լազարյան