Անշարժ գույքի շուկայում գների բարձրացում կա
03 Սեպտեմբեր 2019 Հնարավոր է՝ անցած տարվա այս հատվածում ունեցել ենք կտրուկ աճ, արդյունքներ։ Բնակարաններ են տեղաբաշխվել, իսկ հիմա ունենք հակառակ գործընթացը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ պատասխանելով հարցին, ինչով է պայմանավորված Երևանում առքուվաճառքի նվազումը։Նշենք, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վիճակագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի գործարքների թիվն աճել է ընդամենը 0.4 տոկոսով, իսկ մարզերում թիվը համեմատաբար ավել է։
«Անշարժ գույքի գործարքների վրա էական ազդեցություն են ունենում պետական տարբեր ծրագրեր, այդ թվում երիտասարդներին, զինծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Այս տարվա առաջին կիսամյակում չունենք բնակարանների տեղաբաշխում, բայց հստակ է նաև, որ անշարժ գույքի շուկայում գների բարձրացում կա»,-ասաց տնտեսագետը։

Վերջինս նաև ընդգծեց, որ անշարժ գույքի շուկայում կա նաև պահանջարկ, ինչին նպաստել է այն հանգամանքը, որ վերջին տարվա ընթացքում նվազեցվել է հիփոթեքի տոկոսադրույքը, ինչպես նաև նվազեցվել է կանխավճարի մեծությունը. «Դա խթանեց հիփոթեքի շուկայում պահանջարկը։ Բայց հիմնական խնդիրը ցածր աշխատավարձն է, ինչը մեծ ազդեցություն է թողնում հիփոթեքային պայմանագրերի կնքման վրա և մարդկանց մեծ մասին դեռևս հասանելի չեն հիփոթեքային ծրագրերն ու վարկերը»,-նկատեց Սուրեն Պարսյանը։
Հավելենք, որ ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 84 441 իրավունքի պետական գրանցման գործարք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գործարքների քանակն աճել է 11.1 տոկոսով։ Ընդ որում մայրաքաղաքում անշարժ գույքի գրծարքների թիվն աճել է 0.4 տոկոսով, իսկ բոլոր մարզերում միասին այդ գործարքների թիվն առաջին կիսամյակում կազմել է 14.1 տոկոսով։
Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան