Ամուլսարի հարցով պետության դիրքորոշման բացակայություն կա
10 Սեպտեմբեր 2019 Ամուլսարն անկախության շրջանի ամենամեծ ներդրումային նախագիծն է, որը գնահատվում է շուրջ 400 մլն դոլար, սակայն այս 400 մլն-ի մեջ ներառվում են նաև աշխատավարձի ծախսերը, ինչը դասական տնտեսագիտական առումով այդքան էլ ճիշտ չէ. այսօր, հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ ընթացիկ ծախսերը հարկավոր է առանձնացնել, պետք է հասկանալ, թե այդ 400 մլն դոլարից ինչքանը ինչի վրա է ծախսվելու:«Այս ծրագիրը հաստատվել է 2014-15 թթ., և 2016 թ. սկսվեց գործընթացը, որը պետք է ավարտվեր 2018 թ. սեպտեմբերին, և ծրագիրը պետք է գործեր: Այն նախատեսված է 10 տարի 4 ամիս շահագործման համար, և ըստ ներդրումային ծրագրի՝ Հայաստանից տարեկան պետք է արտահանվեր 260 մլն դոլարի ոսկի: Այդքանով կավելանար մեր արտահանում՝ մոտ 20 տոկոսով»,- ներկայացրեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ Ամուլսարի բնապահպանական գնահատականի առումով բավականին բարդ իրավիճակում ենք, քանի որ եղած փաստաթղթերը, որոնք ներկայացվում են հասարակությանը, մեծ վստահություն չեն ներշնչում: Պատճառն այն է, որ ծրագրի իրականացմանը կոչված լիազոր մարմինները շատ վատ ներկայացրեցին այն: Նաև բացակայում է բնապահպանության նախարարի կարծիքը, մոտեցումը: Վարչապետն էլ ամբողջը վերցրեց իր ձեռքը և ավելի խորացրեց իրավիճակը, երբ իշխանության առանձին թևերից ծրագրի կամ եզրակացության վերաբերյալ բացասական մոտեցումներ հնչեցին:
«Ջերմուկը մեր ազգային հարստությունն է: Այն մեզ եկամուտ է բերելու ոչ թե տասը տարի, այլ հազարամյակներ: Մենք պետք է պահենք Ջերմուկը: Սակայն նաև չպետք է հակադրել հանքաարդյունաբերությանը: Մեր տնտեսությունն այս պահին այլընտրանք չունի հանքաարդյունաբերությանը՝ մի կողմ դնելով Ամուլսարի խնդիրը: Չենք կարող հրաժարվել հանքարդյունաբերությունից, քանի որ այլ տնտեսական ճյուղ չկա, որով կարելի է փոխարինել: Մեր արտահանման շուրջ 25 տոկոսն ապահովում է հանքարդյունաբերությունը: Գլխավորն այն է, որ պետք է հանքարդյունաբերությունը դարձնել կառավարելի, վերահսկելի, այն պետք է լինի ազգային հարստություն: Պետությունը օգտագործման իրավունքով տալիս է մասնավորին, սակայն փաստացի նվիրում է այն, և վերջինս էլ տալիս է չնչին տոկոս»,- նշեց Սուրեն Պարսյանը:
Տնտեսագետը նաև նշեց, որ Ամուլսարի հարցում ամենակարևոր խնդիրը պետության դիրքորոշման բացակայությունն է, և չպետք է փորձել խորամանկել, տարբեր բառակույտերի տակ թաքցնել իրական մոտեցումները:
Սուրեն Պարսյանը նաև հավելեց, որ ժողովրդին իրականությունը սխալ ներկայացնելը կապված է մենեջմենթի հետ: «Ղեկավարին փորձում են փոխանցել միայն լավ, դրական տվյալները՝ առանձին դեպքերում չափազանցնելով»,- նշեց նա:
Իշխանությունը վարդագույն ակնոցով է նայում տնտեսական ցուցանիշներին
Պետական համակարգում մրցավազք է սկսվել, բոլորը ուզում են ցույց տալ, որ աշխատում են, բայց չկա այն մարմինը, որ ճիշտ կգնահատի, ասել է Սուրեն Պարսյանը: Նա անդրադարձել է նաև ներդրումային իրավիճակին և ՀՀ-ից գումարների արտահոսքին:
Նման վատ ցուցանիշ մենք չենք ունեցել անկախացումից ի վեր
Վերջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում աճ, որոշներում էլ անկում է արձանագրվել, ասել է Սուրեն Պարսյանը: Նրա խոսքով, օրինակ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ թանկացել են, ինչի հետեւանքով խանութների շրջանառությունը փաստաթղթերով աճել է, իսկ փաստացի՝ նվազել:
Պարսյանի խոսքով՝ անընդհատ խոսվում է եկամուտների 25 տոկոս հավաքագրման աճի մասին, սակայն անտեսվում է կապիտալ ծախսերի 74 տոկոս թերակատարումը: