Հայկական երկաթուղին առանց շարժակազմի չի մնա
24 Սեպտեմբեր 2019 Նման բան չի կարող տեղի ունենալ` Yerkir.am-ի հետ զրույցում փաստեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայկական և ռուսական մամուլում քննարկվող հայկական երկաթուղու կառավարման կոնսենսիոն պայմանագրի հնարավոր լուծման դեպքում առանց շարժակազմի մնալու խնդրին:«Կոնսենսիոն պայմանագրի 17-8 Հոդվածի համաձայն՝ եթե Կոնցեսիոները (Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն) լուծում է սույն պայմանագիրը Կոնցեդենտի (Հայաստանի Հանրապետության) պարտավորությունների խախտման հիմքով, ապա Կոնցեդենտը (Հայաստանի Հանրապետությունը) ձեռք է բերում Կոնցեսիոների (Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի) սեփականություն հանդիսացող շարժակազմը, վճարելով Կոնցեսիոներին (Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ին) շարժակազմի մնացորդային գինը` հաշվարկված անկախ գնահատողի կողմից` կիրառվող օրենսդրության համաձայն: Այսինքն, պայմանագրի լուծման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է իր ցանկությամբ ձեռք բերել, պահել շարժակազմը՝ վճարելով դրանց մնացորդային արժեքը»,-բացատրեց նա:

Տնտեսագետի խոսքով՝ այդ թեզը շրջանառվում է հիմնականում քաղաքական նպատակներով, ըստ որի՝ պայմանագրի լուծման դեպքում հայկական երկաթուղային համակարգը կմնա առանց շարժակազմի (գնացքների, վագոնների):
«Այս պայմանագիրը մեր երկրի տնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի և այն հնարավորություն է տալիս առանց քրեական գործեր հարուցելու իրականացնել ստուգումներ երկաթուղային համակարգում, բացահայտել խախտումները, վեճերը լուծել պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում»,-ասաց Ս. Պարսյանը:
Նա վստահեցրեց, որ սա տնտեսական խնդիր է և պետք է լուծել՝ հենվելով իրավապայմանագրային դրույթների և տնտեսական մոտեցումների վրա: