ԱԺ–ի ընդունած նոր օրենքը խնդիրներ է ստեղծելու աշխատողների և գործատուների համար
04 Հոկտեմբեր 2019 Ազգային ժողովն այսօր միաձայն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։Նախագծով համատեղությամբ աշխատանք կատարողների համար անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն է ընձեռվում, ինչպես նաև նախատեսվել է միեւնույն գործատուի մոտ միեւնույն աշխատանքի համար կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումների սահմանում։
Նշենք, որ գործող կարգավորումը սահմանում է, որ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ պետք է կնքվի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագըի կնքում որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ տվել է գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ օրենքը կիրառելիս տարընկալումերի տեղիք է տալու և աշխատանքային վեճերի առիթ դառնա։
«Նախագիծն ինքնին խնդրահարույց է, քանի որ կարելի է ասել այն ոչինչ չի կարգավորում։ Նախագծի հեղինակները նպատակ են ունեցել կարգավորել որոշակի և անորոշ ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրերի հարցը, սակայն այնպիսի կարգավորումներ են ամրագրել, որոնք ավելի կխճճեն թե՛ գործատուին, և թե՛ աշխատողին»,–ասաց նա։
Ավետիսյանի խոսքով՝ ներկայումս անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրեր մեծամասամբ կնքվում են կրթության, առողջապահության ոլորտում, այսինքն աշխատողի հետ կնքվում է օրինակ՝ մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, որը անընդհատ երկարացվում է, ինչն ըստ նրա՝ խնդրահարույց է, չի բխում առաջին հերթին աշխատողի շահերից, հակասում է աշխատանքային օրենսգրքում ամրագրված կայունության դրույթին և միջազգային նորմերին։
«Որպես խնդրի կարգավորում մենք առաջարկում էինք երկու և ավելի անգամ երկարաձգելու պարագայում, աշխատանքային պայմանագիրը ավտոմատ դարձնել անորոշ ժամկետով։ Իսկ նոր նախագծի հեղինակները, առաջին հայացքից թվում է, թե աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման սահմանափակում են առաջարկել, մինչդեռ դրա հետ մեկտեղ սահամնել են բացառություններ այն բոլոր դեպքերի համար, որոնց պարագայում գործատուն կարող է իրավաչափ կերպով որոշակի ժամկետով պայամանգիր կիրառել, օրինակ համատեղությամբ կատարվող կամ սեզոնային աշխատանքի դեպքում։
«Բացի այս դեպքերից, մյուս բոլոր դեպքերում արդեն իսկ անորոշ ժամկետով պայմանագրեր են կնքում, էլ ի՞նչ է կարգավրում այս նախագիծը, պարզ չէ։ Քաղաքական նպատակներով հասկանլի է, որ ամբիոնից կհնչեցնեն, որ նման կարգավորում են անում, սակայն կիրառելիս այս օրենքը չի կարող պաշտպանել ոչ գործատուի և ոչ էլ աշխատողի շահերը»,–ասաց նա։
Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ նման կարգավորումները տարընկալումներ են առաջացնելու հատկապես իրավական դաշտում։
«Կիրառման ընթացքում գործատուն և աշխատողը յուրովի են մեկնաբանելու այս դրույթները, քանի որ կարգավորումը որոշակիություն չի պարունակում, ինչը հանգեցնելու է աշխատանքային վեճի»,–ասաց նա։
Ավետիսյանը նաև նշեց, որ նախագծի հեղինակներից մեկին բազմիցս առաջարկել են իրենց պատրաստակամությունը՝ շտկելու օրենքում առկա խնդիրները։
«Փոխանակ օր առաջ խնդիրների համար առաջարկվող լուծումները ներկայացվեն ԱԺ, անհասկանալի պատճառնորով նախկին նախագիծը հանել են օրակարգից և քոփի փաստ անելով, վերցնելով մի քանի դրույթներ, բերել են ԱԺ և որպեսզի մի փոքր տարբերվեն, փոփոխություններ են արել՝ ակնհայտորեն ձևախեղելով առկա կարգավորումը»,–նշեց Թադևոս Ավետիսյանը։