Այս բյուջեն բնույթով նույնն է, ինչ նախորդ բյուջեները
07 Հոկտեմբեր 2019 Կառավարությունը սեպտեմբերի 30-ի արտահերթ նիստում հավանության է արժանացրել «ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Տնտեսագետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ Tert.am-ը զրուցել է այդ նախագծի մասին:-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Ս. թ. սեպտեմբերի 30-ի նիստում Կառավարությունը հավանության է արժանացրել §ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին¦ ՀՀ օրենքի նախագիծը և ուղարկել խորհրդարան: Ըստ ներկայացված նախագծի՝ 2020 թ. Պետական բյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրիլիոն 697 մլրդ 618.5 մլն դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 880 մլրդ 186.3 մլն դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182 մլրդ 567.8 մլն դրամ:

-Այո, 2020 թվականի բյուջեն թվային արտահայտությամբ ավելի մեծ է և բովանդակային առումով այդպես էլ պետք է լիներ: Այստեղ ուղղակի պահպանվել է նախորդ տարիների աճի տեմպը՝ դինամիկան: Վերջին 10 տարիներին եղել են ավելի բարձր ցուցանիշներ, և անցումն ավելի մեծ քայլով է կատարվել: 2020 թվականին, համեմատած 2019 թվականի հետ, եկամուտների գծով աճը կազմել է 13.44%, իսկ իրական եկամուտների գծով՝ մոտ 11%, ծախսային հոդվածներով՝ 14.08%, իսկ դեֆիցիտը՝ 20.43%, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:
2019 թվականի բյուջեի աճի տեմպը, 2018 թվականի հետ համեմատած, բարձր էր 1-1.5 տոկոսային կետով, քան 2020-ը՝ 2019-ի համեմատությամբ: Մենք ունեցել ենք ավելի բարձր ցուցանիշներ, երբ իրար հաջորդող տարիների ընթացքում դեֆիցիտի նվազում է տեղի ունեցել: Այս իմաստով այս բյուջեն նույնպես պետք է գնահատվի որպես իներցիոն բյուջե, քանի որ նախանշված չէ այն թռիչքային զարգացումը, ինչի մասին պարբերաբար խոսում են իշխանությունների ներկայացուցիչները: Կառավարությունը 2020 թվականի բյուջեով նախատեսում է 4.9 տոկոս տնտեսական աճ. սա նշանակում է, որ տնտեսական հեղափոխություն եզրույթն ուղղակի պետք է մոռանալ: Առավել հետաքրիքր են ծախսային հոդվածների բացվածքները, երբ դրանք դիտարկվում են սոցիալական ներառականության տեսանկյունից:
– «Բյուջե 2020»-ի ծախսերի 26%-ը, որը կազմում է 486.5 մլրդ դրամ, բաժին է ընկնում սոցիալական պաշտպանությանը: Սա 45.2 մլրդ դրամով կամ 10.2 %-ով գերազանցում է այս տարվա բյուջեի համապատասխան տողին հատկացված գումարները: Սրա հիմնական մասը հատկացվում է ծերության կենսաթոշակներին: 2020թ.-ի բյուջեով այն նախատեսված է մոտ 374 մլրդ դրամ՝ 2019թ.-ի մոտ 333 մլրդ դրամի դիմաց: Այս տեսանկյունից, ո՞րն է Ձեր մեկնաբանությունը:
-Նախ պետք է նշեմ, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմված են մի քանի ուղղություններից: Ավելացումը, պայմանավորված մինչև երկու տարեկան երեխաներին տրվող մայրական նպաստով, դրական է: Դրական է նաև առաջին և երկրորդ երեխաներին տրվող միանվագ նպաստների ավելացումը: Այստեղ դեմոգրաֆիական առումով պետք էր թիրախ դարձնել նաև երրորդ երեխայի ծնունդը խրախուսող միջոցառումների իրականացումը:
Սոցիալական ոլորտի ծախսերի ավելացումը պայմանավորված է նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վճարվող գումարների ավելացմամբ, այստեղ բյուջեի ծախսը հսկայական աճ է արձանագրել, որը կարող էր ծառայել սոցիալական վիճակի իրական բարելավմանը, մինչդեռ աշխատանքային ստաժով պայմանավորված կենսաթոշակի չափի ավելացում նախատեսված չէ: Սա այն դեպքում, երբ իշխանությունները նախկինում նույնպես դեմ էին այս խնդրահարույց պարտադիր կուտակային համակարգին կատարվելիք վճարումներով, որն այս բյուջեով կազմում է շուրջ 13.0 մլրդ դրամ:
-Ծախսային հոդվածների գծով բավականին խոշոր խումբ է նաև ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները, որոնց 2020 թվականի բյուջեով նախատեսված է հատկացնել 347 մլրդ դրամ՝ 2019 թվականի 316 մլրդ դրամի դիմաց՝ արձանագրելով աճ՝ 31.5 մլրդ դրամ կամ 10%: Այս ծախսի գծով աճի ավելացումը ինչի՞ մասին է խոսում:
-Պետական բյուջեով այս ծախսը նախատեսվում է պետական կառավարման համակարգի, իշխանության իրականացման համար: Այստեղ ներառված են գրեթե բոլոր ոլորտները, օրենսդիր մարմնի, գործադիր մարմնի և դատական համակարգի ոլորտներում քաղաքականության մշակման, դրանց իրականացման և սույն իմաստով ծառայությունների մատուցման համար: Ընդհանուր բնույթի ծախսերից թերևս ամենախոշոր թվով ծախսերն են օրենսդիր և գործադիր մարմինների, պետական կառավարման ծախսերը՝ շուրջ 30.8 մլրդ դրամ, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների ծախսերը՝ շուրջ 31.0 մլրդ դրամ, արտաքին հարաբերությունների ծախսերը՝ շուրջ 16.1 մլրդ դրամ:
Ընդհանուր բնույթի ծառայությունների ծախսերը կազմում են շուրջ 8.6 մլրդ դրամ, 1162 ծախսային դասիչի ներքո հաշվառված հետազոտական աշխատանքների ծախսերը՝ 10.5 մլրդ դրամ, որը 2019թ.-ի բյուջեով պակաս է շուրջ 4.0 մլրդ դրամով: Պետական պարտքի գործառնությունների ծախսը կազմում է 169.3 մլրդ դրամ, որը մոտ 10.0 մլրդ ավել է 2019 թվականի ծախսային չափից: Նախատեսվում է 56.0 մլրդ տրամադրել տեղական ինքնակառավարման մարմիններին և սահմանամերձ բնակավայրերին, նույնը՝ ինչ այս տարվա բյուջեով: Այս ամենից կարելի է հետևություն անել, որ այն ապարատը, որին ժամանակին այս իշխանությունները գնահատում էին որպես ուռճացված, մնում է նույն ծախսային տիրույթում, եթե 31.5 մլրդ ավել ծախսից օբեկտիվորեն հանենք պետական պարտքի կառավարման ծախսը, կարելի է ենթադրել, որ ծախսերը դեռ մի բան էլ ավելացել են: Դատելով 2019 թվականի վերջին ինը ամիսների թերակատարումից և 2020 թվականի բյուջեով նախատեսված 4.9% տնտեսական աճ ունենալու շեմից, պետք է առաջարկել ԱԺ-ին՝ ուշադիր նայել այս հոդվածներին և տալ համապարասխան գնահատական:
Հարկ եմ համարում նշել, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության մասնագիտական ոլորտային հանձնախմբերը հիմա կատարում են համապատասխան վերլուծությունները, և առաջիկայում հանդես կգանք մեր տեսակետի հրապարակումներով: Կարծում եմ առաջնահերթությունը պետք է տրվեին սոցիալական աջակցության հասցեականության, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման և նմանատիպ այն գործառույթների զարգացմանը, որոնք կարող էին աճ ապահովել սոցիալ-տնտեսական ներառականության տեսանկյունից: Այս բյուջեն բնույթով նույնն է, ինչ նախորդ բյուջեները: Չնայած ունեն դրական էլեմենտներ ինչպես նախորդ բյուջեները, բայց, այնուամենայնիվ, զարգացման և աճի տեսանկյունից իներցիոն է:
Հեղինակ Ամալյա Առաքելյան