Լատինաամերիկյան երկրների պատվիրակներն Արցախ մեկնելուց առաջ Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհեցին
10 Հոկտեմբեր 2019 «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու համար լատինաամերիկյան երկրներից ժամանած պատվիրակները Ծիծեռնակաբերդում հոկտեմբերի 9-ին ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:«Եկել են այստեղ հարգանքի տուրք մատուցելու և այս կերպ Ցեղասպանության պատճառներին և հետևանքներին ավելի մոտիկից ծանոթանալու: Վաղն արդեն կմեկնենք Արցախ՝ մասնակցելու միջազգային համաժողովին, որը նվիրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և պետության հզորացմանը»,- Yerkir.am-ին ասաց Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը:

Ըստ նրա՝ պատվիրակները քաջատեղյակ են հայ ժողովրդի պատմությանը և եկել են պետականության կառուցման գործում իրենց զորակցությունը հայտնելու նաև Արցախի ժողովրդին:
«Կան հյուրեր, որոնց անձնական ներդրումը Հայ դատի արծարծման գործում իրապես ուշագրավ է: Այստեղ է Չիլիի դեսպանը, որի ջանքերի շնորհիվ 2007 թվականին Չիլիի Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Նալբանդյանը:
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այստեղ են նաև իրավաբաններ, պրոֆեսորներ, մտավորականներ, որոնքր այսօր իրենց երկրներում Արցախի հարցի արծարծման գլխավոր դերակատարներն են:
https://youtu.be/ibcaBoDKLDg
Nunca mas, կամ՝ այլևս երբեք. կոլումբացի լրագրողի համար Ծիծեռնակաբերդը մեծ խորհուրդ ու պատգամ ունի
Ամենատպավորիչը բանը, որ զգացել եմ, հուշահամալիր այցելելով, այն է, որ Ցեղասպանության զոհերի, նահատակների արժանապատվությունը կարող է վերականգնվել. Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Yerkir.am-ին ասաց կոլումբացի լրագրող Մարիա Խիմենա Դուսանը, որն այստեղ է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու նպատակով:
«Ցեղասպանության ենթարկված յուրաքանչյուր ժողովուրդ պետք է վերականգնի իր նահատակների հիշատակը: Այս հուշահամալիրը հենց սա է խորհրդանշում: Նաև մեկ այլ ուժեղ պատգամ ունի, որը կցանկանայի արձանագրել. իսպաներենով հնչում է՝ nunca mas, կամ՝ այլևս երբեք: Որևէ ոճիր կամ չար գործ չպետք է անպատիժ մնա»,- ասաց նա:
https://youtu.be/Od5WXanjaqs