Մենք ինքներս պետք է դուռ բացենք այս նոր սերնդի հետ միասին
21 Հոկտեմբեր 2019 «Ուջանցիները ուղիղ հարյուր տարի առաջ գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ հաստատվել են այս գյուղում: Համոզված եմ, որ ուջանցու այստեղ լինելը ժամանակավոր է. մեր հաջորդ հանգրվանը Արևմտյան Հայաստանն է, դեպի այն բնակավայրերը, որտեղից եկել են մեր պապերը: Մենք ինքներս պետք է դուռ բացենք այս նոր սերնդի հետ միասին և պետք է գնանք մեր երկիրը: Դրա համար պետք է վրեժը տաք պահենք մեր սրտում, մեր մտքի մեջ, մեր գլխի մեջ», - ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի վերահիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը ՀՅԴ Գերագույն մարմնի անունից իր ողջույնի խոսքը այսպես սկսեց նույն մարմնի անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։Հոկտեմբերի 19-ին կայացած միջոցառման նախաձեռնողը համայնքապետ Նաիրի Կիրակոսյանն էր, հյուրերի թվում՝ ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը:

Բժիշկ Տարոն Տոնոյանը, ով սկսած ազատամարտի տարիներից, մեծ ճանաչում և հարգանք է վայելում գյուղի բնակիչների մոտ, իր ելույթում նշում է, որ երեխաների մեջ պետք է միշտ հարգանք սերմանել մեծերի, սեր՝ գիտության, հայրենիքի, հողի, մշակի, ուսուցչի հանդեպ:
«Միայն այդ ձևով մենք կարող ենք տեղ հասնել: Պատահական չէ, որ այս խոսքերը ես այստեղ եմ ասում, որովհետև այդ դասերը ուջանցին միշտ տվել է նոր սերնդին: Պատահական չէ, որ Անդրանիկի արձանը, սովետական միության տարիներին, առաջինը կանգնեցվեց այստեղ, Ուջան գյուղում: Պատահական չէ, որ արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած է ուջանցիների ջոկատը», – նշում է նա:
Տարոն Տոնոյանը հիշեց և արժևորեց գյուղի փառապանծ մարտիկների անցած ուղին՝ մատնանշելով նաև նորօրյա սերնդի վրա դրված մեծ առաքելությունը. «Ազատամարտի և ջոկատի առաջին զոհը եղավ Հարությունյան Նորիկը, ում հուշարձանն այստեղ կանգնած է, պատահական չի, որ այստեղ է մեր շատ սիրելի, հարգարժան ընկեր Հենրիկ Հովհաննիսյանի հուշարձանը: Եվ բոլոր մեր ընկերները, մեր սուրբ նահատակներն իրենց հայացքը հառել են այն նույն ուղղությամբ, ինչ ուղղությամբ մեր պապերը իրենց աչքերը փակեցին. դեպի Հայրենիք, դեպի Էրգիր: Սիրելի ուջանցիներ, շնորհավորում եմ ձեզ, սիրելի համայնքապետ, մեր լավ ընկեր Նաիրի Կիրակոսյան, շնորհավորում ենք և համայնքին ցանկանում ամուր, հայրենիքի հզորացմանն ու շենացմանն ուղղված անխռով և հաստատ ընթացք», – եզրափակեց իր խոսքը բժիշկ-ազատամարտիկը։
yerkir.am