Իշխանությունը գործադրության մեջ է դրել ռեպրեսիվ գործիքակազմ
30 Հոկտեմբեր 2019 «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի թեման օրակարգ բերելու, դրա պատճառների մասին Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ:- Տիկի´ն Գալստյան, ինչո՞ւ է օրակարգ բերվել Նաիրի Հունանյանի թեման:
- Պետությունը հայտնվել է մի շրջափուլում, երբ ստեղծարար օրակարգերի, երկրի ռազմավարական տեսլականի, զարգացման ծրագրերի բացակայությունը, ինչպես նաև ներքին և արտաքին բազմաթիվ մարտահրավերների դիմագրավման անկարողությունը կամ խարխափումները լրացվում են հանրային մեծ կիրք ու էներգիա կլանող, շեղիչ տեսարաններով։ Հին Հռոմից հայտնի․․․
Վերոհիշյալներին կավելացնեի իշխող քաղաքական ուժի որակները, արժեքային համակարգը, կադրային բանկի սարսափեի աղքատությունը, պառլամենտական երկրում խորհրդարանական մեծամասնության ամորֆությունը։ Այս հանգամանքները, և էլի այլ պատճառներ թույլ են տալիս արձանագրել, որ որդեգրվել է պետականության ընթացքը վտանգող մի քաղաքականություն, որի հիմնական մոտիվացիան վրեժխնդրությունն է, անցյալի հրեշայնացումը։

Այնուամենայնիվ, չի կարելի մոռանալ և չզգալ հիմնական համատեքստը՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները․ Ռուսաստան-ԱՄՆ քաղաքական հետաքրքրությունների և շահերի խաչմերուկում ենք՝ իր բոլոր հետևանքներով։
– Ի՞նչ նպատակ ունի իշխանությունը՝ Նաիրի Հունանյանի հետ կապված, արդյոք նրան չե՞ն շահագործի իրենց ոչ ցանկալի անձանց դեմ ցուցմունք կորզելու համար:
-Անշուշտ, ի վերջո ներազգային հանգստության և համերաշխության տեսանկյունից խիստ շահեկան պիտի լիներ «Հոկտեմբեր 27»-ի ողբերգական էջի փակումը, հանգամանքների ամբողջական բացահայտումը։
Սակայն այսօր, երբ հանրության հոգեբարոյական մթնոլորտը խիստ և սիստեմատիկ թունավորված է, ատելության ու անհանդուրժողականության աստիճանն այդքան պայթուցիկ է, երբ իշխանությունը գործադրության մեջ է դրել ռեպրեսիվ մի գործիքակազմ՝ խախտելով իրավական, բարոյական և ինստիտուցիոնալ ողջ կարմիր գծերը․ պարզ է, թե ինչպիսի գործոն են Նաիրի Հունանյանն ու նրան խաղի մեջ մտցնող, նրան շահարկող խմբակը և առհասարակ՝ ինչ շահերի են ծառայում։ Այս ամենը չափազանց թափանցիկ է, իր մեթոդաբանությամբ՝ հայտնի․․․. Թե ում են սպասարկում, դժվար չէ ենթադրել։
Շատ ցավալի, մեր պատմության համար հերթական սև էջը արձանագրած կլինի իշխանությունը, եթե հենվի կամ շահարկի սպանդից 20 տարի անց էլ ազգափրկչի հոգեխանգարված մոլուցքով տառապող Հունանյանի ցուցմունքների վրա։ Արման Բաբաջանյանին հաստատել էր չէ՞, որ «դեռ կիսատ գործ ունի, պիտի դուրս գա ամբողջացնելու»․․․.
– Ինչո՞ւ հենց հիմա հիշեցին Հունանյանին, դա ի՞նչ է ենթադրում, որքանո՞վ է կապված «Մարտի մեկի» գործի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
– Այսօր քաղաքական օրակարգի հիմնական առանցքը, ըստ էության, ծավալվում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ։
Ինչպես ասացի՝ չկան տեսլականներ։ Երկիրն ու հասարակությունը համախմբող օրակարգեր չկան․ կարծես պետականաշինությունն այլ օրակարգ չունի, քան Քոչարյանին հրեշայնացնելը։ Իշխանության ողջ կիրքն ու էներգիան լծվել է դեպի այդ դատավարությունը։
Սահմանադրական դատարանի, Հրայր Թովմասյանի, անգամ դատական իշխանության շուրջ բոլոր զարգացումները նույն ճանապարհային քարտեզի հանգրվաններն են։ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն միջազգային կառույցներին է անհանգստացնում։ Վաղուց արդեն շատ տեսանելի է և հստակ այս քաղաքականացված գործընթացը․ Քոչարյանի դատավարության ընթացքում իշխանության համար անցանկալի վճիռներին հաջորդում են ճնշումները, նոր գործողությունները՝ անկախ այն բանից, թե դրանք բարոյական, քաղաքական կամ իրավական ինչ գին ունեն։
– ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում:
-Իշխանության ամբողջական յուրացման խնդիր է դրված։ Ինչպես և անկախ Սահմանադրական դատարանը կամ դատական իշխանությունը հնազանդեցնելու պարագայում, Հանրային խորհրդի պարագայում էլ մոտիվացիան նույնն է՝ ունենալ կառավարելի և կանխատեսելի մի կառույց։
Արման Բաբաջանյանի վերջին ակտիվությունները պատահական չեն, ոչ էլ՝ ինքնաբուխ․ բնական է, դրանք տեղավորվում են իշխանության քաղաքական առաջնահերթությունների և պատվերների շրջանակում։
Ցավալի է, որ երկրում գնալով խորանում է «մերոնքի» ու «ձերոնքի» անդունդը, ազգային, պետական անվտանգությունը խաթարող վարքագիծ է ընտրվել, ուր ոտնահարվում է խոսքի ազատությունը, ինստիտուցիոնալ կայացումը, իշխանության ճյուղերի փոխլրացմանն ու հակակշիռների փոխարեն որդեգրվել է ճնշումն ու հնազանդեցումը, ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը սոսկ բացասական սպասումներ են ներարկում հասարակություն։ Ասել, թե այս ամենը վտանգավոր է՝ խիստ մեղմ կլինի․․․սա քաղաքական մենատիրության ճանապարհն է։