Թուրքիայի` իբր անտարբեր կեցվածքը ընդամենը հիստերիկ արձագանք է
31 Հոկտեմբեր 2019 NewArmenia.am֊ը զրուցել է ՀՅԴ անդամ Ռուզան Առաքելյանի հետ` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին։-Տիկին Առաքելյան, արդյո՞ք այս բանաձևը կունենա՞ շղթայական ռեակցիա` Ցեղասպանության ճանաչման հարցը կրկին օրակարգային կդառնա՞ աշխարհի համար։

-Իսկապես երկար տարիներ սպասված լուր է սա, անշուշտ Հայ դատի գրասենյակներն իրենց ներդրումն ունեցան և, կարելի է ասել, մեծամասամբ նրանց աշխատանքի արդյունքն էր։ Բավականին մեծ պայքարի արդյունքում ենք մենք հասել նման հաղթանակի, սակայն չպետք է մտածել, որ սա բավարար է և հարցը լուծված է։ Ի վերջո, մեր վերջնական նպատակը հատուցման խնդիրն է և պահանջատիրությունը։ Մեր պայքարը շարունակվում է, և առջևում մենք դեռ անելիքները ունենք, որոնք համայն հայության համախմբում են պահանջում։
-Դուք պահանջատիրության մասին եք խոսում, սակայն մինչ օրս դեռ պետական մակարդակով հստակորեն չի ձևակերպված` եթե աշխարհի, այդ թվում` Թուրքիայի կողմից ճանաչվեց Ցեղասպանությունը, կոնկրետ ի՞նչ պահանջներ ենք ներկայացնելու։
-Այդ առումով Հայ դատի գրասենյակներն աշխատում են իրավաբանական տարբեր գրասենյակների հետ, և մենք պահանջատեր ենք մեր պատմական հայրենիքի ժառանգության փոխհատուցմանը, ինչպես նաև` հիշում եք` Արամ կաթողիկոսը խոսեց եկեղեցապատկան հողերի մասին։ Այս ամենն, իհարկե, հատվածական պահանջատիրություն է և արդյունքում Միացյալ հայրենիքի տեսալականը պետք է ձևակերպվի։ Իսկ պետական մակարդակով, այո, այսօր չունենք հստակ ձևակերպումներ, սակայն դա պետք է դառնա պետական առաջնահերթ մարտահրավեր. այսօր որքան մենք պայքարենք քաղաքական, տնտեսական հաջողությունների համար, սակայն առանց ազգային խնդիրների լուծման, որևէ երկիր չի կարող հաջողություններ ունենալ։
-Չե՞ք կարծում, որ արդեն այսօրվանից պետք է մեր պետությունն աշխատի պահանջատիրության ձևակերպումների վրա, վաղն արդեն ուշ կլինի։
-Այո, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ազդակ պետք է լինի դրան, որ ժամանակն է այդ հարցի շուրջ խորհելու։
-Համաշխարհային մամուլն արդեն ազդարարում է, որ Թուրքիան մտորում է հակահարված մասին, որը չի ուշանա։ Ի՞նչ քայլեր կարելի է ակնկալել Ցեղասպանության ժխտողականությունը որդեգրած երկրից։
-Ադրբեջանական, թուրքական մամուլում մի քանի տեղ կարդացի, որ Թուրքիան իբր անտարբերությամբ է ընդունել լուրը։ Ես կարծում եմ` դա հիստերիկ արձագանք է ու եթե սառը դատեն, ապա կհասկանան` եթե աշխարհի գերտերությունները նման քայլ են անում, նա չի կարող չարձագանքել։
-Արդյո՞ք Թուրքիան իր հակահարվածի հիմնական խաղաթուղթը պահել է, երբ հարցը կքննարկվի Սենատում։
-Չի բացառվում։
-Այս հարցում ՀՅԴ Սփյուռքի կառույցների դերակատարո՞ւմն էր մեծ, թե հայաստանյան կառույցը ևս աջակցեց, եթե հաշվի առնենք, որ ՀՀ֊ում Դաշնակցությունը կարծես թե պասիվացել է։
-Դա թյուր կարծիք է, բամբասանք է։ Ճիշտ է, ՀՅԴ֊ն ապակենտրոն կուսակցությունն է, սակայն մենք միասնական ենք, հատկապես երբ հարցը վերաբերում է ազգային խնդիրներին։ Մեր հաջողության գրավականը դա է։