Ազգային ժողովը մերժել է Արցախի ինքնիշխանությունը խախտող օրենքի նախագիծը
01 Նոյեմբեր 2019 Օգտվելով 2017 թվականի փետրվարի 20-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ընդունված Սահմանադրության՝ Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունքից, նախաձեռնող խմբի կողմից Ազգային ժողով է ներկայացվել «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ:Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու եւ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել՝ նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, իսկ պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:

Չնայած ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ նախագիծը ներառվել է հոկտեմբերի 31-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում եւ երկարածավալ քննարկումների առիթ հանդիսացել:
Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը խորհրդարանին ներկայացնելով օրենքի նախագիծը՝ նշել է, որ ներկայացված փոփոխությունները բխում են համայն հայության համար հայրենքիում հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությունից: «Առանձնակի կարեւորելով աշխարհասփյուռ հայության մեծագույն ավանդը հայկական պետականության կայացման գործում՝ անհրաժեշտ է պասիվ ընտրական իրավունքով օժտել նաեւ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց»,-մասնավորապես ասել է Պողոսյանը:
Լիազոր ներկայացուցչի հիմնավորումներին հակադարձող շուրջ երկու տասնյակ հարցադրումներով հանդես է եկել 9 պատգամավոր՝ 6-ը «Դաշնակցություն» խմբակցությունից: Պատգամավորները բարձրացրել են նախագծի՝ ակտիվ եւ պասիվ ընտրական իրավունքների միջեւ հավասարակշռվածությունը խաթարելու, Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու, Արցախի ինքնիշխանությանը եւ անկախությանը միջամտելու, ստորագրահավաքին մասնակցելուց ձեռնպահ մնացած քաղաքացիների գերակշիռ մասի որոշումը հարգելու, քաղաքացիություն-պետություն փոխադարձ իրավունքների եւ պարտականությունների, ԱՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը հակասելու, ՀՀ Սահմանադրությունը խախտելու հարցերը:
Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը եւս նշել է, որ օրենքի նախագիծը բացասական եզրակացության է արժանացել իրավական, քաղաքական եւ բովանդակային վիճելի տարրեր պարունակելու պատճառով: Կառավարությունը եւս համակարծիք էր: ԱԺ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ քաղաքացիությունն այն կարեւոր նախապայմանն է, որը հանրային կառավարման ոլորտում անձին օժտում է լիարժեք իրավասուբյեկտությամբ:
«Ընտրական իրավունքը բաղկացած է անխզելիորեն միմյանց հետ փոխկապակցված երկու բաղադրատարրերից՝ ակտիվ եւ պասիվ ընտրական իրավունքներից: Նրանցից մեկի գոյությունն առանց մյուսի անհնար է, ինչը խոսում է այն մասին, որ ԱՀ նախագահի եւ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներին պասիվ ընտրական իրավունք շնորհելն ինքնըստինքյան կհանգեցնի նրանց ակտիվ ընտրական իրավունք շնորհելուն: Արցախի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, այդ իսկ պատճառով կառավարությունն նպատակահարմար չի համարել ԱՀ Սահմանադրությունում ներառել առաջարկվող փոփոխությունը»,- ասել է Արարատ Դանիելյանը:
Տեղի ունեցած մտքերի փոխանակությունը եւս բազմաելույթ էր. 8 պատգամավոր հանդես է եկել պատգամավորական հայտարարությամբ, 4-ը՝ ներկայացրել խմբակցությունների դիրքորոշումները: Ընդհանուր առմամբ՝ շուրջ երեք ժամ տեւած օրենքի նախագծի քննարկումը մերժվել է 24 դեմ, 4 կողմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով եւ հանվել շրջանառությունից:
Լուսինե Թեւոսյան
aparaj.am