Ազգայինը պետք է հզորացնել` ոչ թե թուլացնել
08 Նոյեմբեր 2019 Դեռեւս նախորդ տարվանից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր պաշտոնավարման ընթացքում չի կարողանում խուսափել սկանդալային, քննարկվող եւ վիճահարույց թեմաներից: Արայիկ Հարությունյանի գլխավոր թիրախներից մեկը եղել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան եւ վերջինիս դասավանդումը դպրոցներից դուրս մղելը:Վերջերս էլ շրջանառության մեջ դրվեց նախագիծ, որով առաջարկվում է Հայոց լեզվի, հայ գրականության, պատմություն առարկաների ուսուցումը բուհերում` ոչ մասնագիտական ֆակուլտետներում` ոչ պարտադիր դարձնելը, ինչպես նաեւ առաջարկվում է հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմության եւ Ռազմագիտություն առառկաների կրճատում: Այս եւ այլ առկա մտահոգությունների հետ կապված iravunk.com-ը ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահի, պատմաբան ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

– Նախ ասեմ, որ ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքներ է կատարում, որպեսզի շրջանառվող նախագծի շուրջ լսումներ կազմակերպի` համապատասխանաբար համագործակցելով ԱՀ Կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ:
Իմ անձնական տեսակետն այն է, որ ես միանշանակ դեմ եմ դպրոցներից ՀԵՊ, ՆԶՊ առարկաների հանելուն: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ հատկապես մեր տղաները` մինչեւ բանակում ծառայելը պետք է ունենան նախնական ռազմական պատրաստության եւ մեր պատմության ռազմագիտական արվեստի մասին գիտելիքներ:
Դեմ եմ նաեւ ՀԵՊ-ի առարկայի հանելուն դպրոցներից, որովհետեւ խորհրդային միության տարիներին մասնավորապես Արցախում, որտեղ արգելված էր նույնիսկ եկեղեցիներ մտնելը եւ եկեղեցիները վերածվել էին հիմնականում պահեստների ու աստիճանաբար ավերակներ էին դառնում: Ուստի հատկապես Արցախում ՀԵՊ առարկայի դասավանդումը շատ կարեւոր է: Մենք գտնվում ենք այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որ ուղղակի աններելի է այս երկու շատ կարեւոր առարակաների դուրս մղումը դպրոցներից:
Ինչ վերաբերում է բուհերում` ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց լեզվի, գրականության եւ պատմության ոչ պարտադիր դարձնելը եւս շատ մտահոգիչ է եւ ես ինքս միանշանակ դեմ եմ: Ինչո՞ւ, որովհետեւ Հայոց լեզուն բուհերում լրիվ այլ ծրագրով է դասավանդվում` խոսքի մշակույթ, պաշտոնական գրություններ, եւ բազմաթիվ լեզվական նրբություններ, որոնք չեն անցնում հանրակրթական դպրոցներում: Ստացվում է այնպես, որ այսօր պետական լեզուն վերածվում է կամավորության սկզբունքի` ինչը ճիշտ չէ: Օրինակ, տեսեք` բնագիտական թեքում ունեցող ֆալուլտետների շրջանավարտները վաղը հնարավոր է դառնան ղեկավարներ, գերատեսչության պատասխանատուններ, հանդես գան գիտական կոնֆերանսներում ուրեմ չպե՞տք է Հայոց լեզուն արմատապես տիրապետեն: Այլ բան է, որ եթե բուհերում այդ առարկաների դասավանդման հետ կապված շտկումներ են անհրաժեշտ, ուրեմն պետք է շտկել ծրագրերը, այլ ոչ թե հանել Հայոց լեզուն, գրականությունը եւ Հայոց պատմությունը:
Վերջում պատգամավոր նկատեց.
– Մտահոգիչ է այն, որ ոլորտը կարգավորող նախարարությունում մի շարք ռեֆորմները միտված են նրան, որ կարծես ազգային է օղակները յուրովի «հարվածներ» են ստանում: Օրինակ, վերացրեցին Մշակույթի նախարարությունը, որպես ինքնուրույն քաղաքականություն վարող լիազորված մարմին:
Մտահոգիչ է նաեւ այն, որ վերացվել է Սփյուռքի նախարարությունը, որը ազգային գաղթօջախները յուրովի միավորում է ու կապում հայրենիքին: Սփյուռքի նախարարությունը միջոցառումներ կազմակերպող նախարարություն չէ միայն: Այն պետք է ուսումնասիրի աշխարհի 3 տասնյակից ավելի երկրներում հայկական Սփյուռքը, եւ այնտեղի տնտեսական, քաղաքական եւ մշակութային պոտենցիալը օգտագործի հայրենիքի հզորացման համար: Վերացվել է ազգային բարեփոխումների ինստիտուտը եւ տեսակետներ են հնչում Ազգային ակադեմիայի վերացման մասին: Այն ինչ մեր կարծիքով վերոհշյալ բոլոր կրթական եւ մշակութային մարմինները պետք է մնան` շտկումներ կատարելով նրանց քաղաքականության մեջ:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ