Ամերիկացի սենատոր Դեւիդ Փերդյուն Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը
22 Նոյեմբեր 2019 ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դեւիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձեւի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձեւին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։Նշենք, որ ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահողը, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը:

Հենց այդ իրավունքից էլ օգտվեց Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դեւիդ Փերդյուն, ում կարծիքով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը:
Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ի պատասխան հայտնեց, որ գիտակցում է՝ օրենսդիր աշխատանքը բանակցություններ եւ պայմանավորվածություններ է նախատեսում, ուստի, երբ բանաձեւի դեմ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնը այս կամ այն օրինագծի օգտին, ինքը պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հարցում.
«Ես շարունակելու եմ բարձրացնել այս հարցը Սենատում: Կարծում եմ հայկական ծագումով ամերիկացիները, աշխարհը և պատմությունը պետք է գրանցեն, թե ով է կանգնած Ցեղասպանության ճանաչման կողմը և ով ոչ: Ես չեմ նահանջելու։ Որովհետև պատմությունն է պահանջում դա»,-ասել է Մենենդեսը: