Մեզ համար կարևորը պետության կայունությունն է
22 Նոյեմբեր 2019 ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն օրերս հանդիպումներ են ունեցել 2020թ. Արցախում կայանալիք ընտրություններին նախագահի հավանական թեկնածուներ Վիտալի Բալասանյանի և Ռուսլան Իսրայելյանի հետ: Արցախում գրանցված 20-ից ավելի կուսակցություններից 15-ի հետ հանդիպումներից հետո սկսվել է միասնական օրակարգի և համաձայնեցված թեկնածուի շուրջ հանդիպումների երկրորդ փուլը։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահրամ Բալայանը նշեց, որ եղել են այլ հանդիպումներ ևս՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, և նախատեսվում է հանդիպում ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ. «Մենք դեռ օգոստոսին ենք նախանշել այս ծրագիրը։ Առաջին փուլում հիմնական սկզբունքների շուրջ ենք քննարկումներ արել, իսկ հիմա արդեն խոսում և համաձայնեցնում ենք ընդհանուր թեկնածու ունենալու գաղափարը։ Մենք այս ճանապարհով ենք գնում, իրենց պատկերացումներն ենք ուզում լսել, մեր մոտեցումները ներկայացնել և եղած քաղաքական ուժերի համատեղում անել ու հասարակությանը միավորել ակտուալ գաղափարների շուրջ, որպեսզի 2020-2025 թվականների ժամանակահատվածի համար պետականաշինության հարցում հարթ լուծումներ լինեն»։
Բալայանը նաև նշեց. «Մենք հայտարարել ենք, որ միասնական թեկնածուն կարող է լինել անկուսակցական կամ կարող է լինել նաև Դաշնակցությունից։ Մենք ասել ենք, որ մեր շարքերում եղած թեկնածուները մի տեղ ավելի լավ կաշխատեն, քան շատ մարդիկ, որոնց անունները հոլովվում են, բայց աժմ համազգային նշանակության հարցերն են շատ կարևոր, միասնականության հարցն է մեր այս նախաձեռնության առանցքը»։
Միևնույն ժամանակ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց. «Մենք այս պետության ստեղծման հիմքում ենք եղել, մեր երկրի առաջին ղեկավարը մեր դաշնակցական ընկերն է եղել, բայց մենք առանձին հավակնություններ չունենք։ Իհարկե, պետք է իշխանություն ունենաս, որ կարողանաս ծրագրերն իրականացնել, բայց մեզ համար կարևորը պետության կայունությունն է»։
Մեր այն դիտարկմանը, որ հավանական թեկնածուներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը, վերջին շրջանում աչքի է ընկնում Երևանի իշխանությունների հասցեին կոշտ քննադատություններով, և իրենք այդ կոնտեքստում համագործակցության խնդիր տեսնո՞ւմ են, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ, որ նորմալ է, երբ նախագահի թեկնածուները իրենց գաղափարներն են առաջարկում, մենք բոլորի հետ համամիտ չենք, բայց դա չի կարող խանգարիչ հանգամանք լինել, որ չխոսենք իրենց հետ։ Իրենք իրենց մոտեցումներն ու տեսակետներն ունեն, բազմակարծություն է, նորմալ է, առանձին վտանգ չենք տեսնում»։