Մեկնարկել է ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը
15 Դեկտեմբեր 2019 Դեկտեմբերի 15-ին Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ 2020թ. Արցախում կայանալիք համապետական ընտրությունների օրակարգով:
Նախքան օրակարգային կետերին անցնելը, ժողովը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը և շեշտել հայ համայնքի ու ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ծավալած աշխատանքը, ինչպես Հայոց Ցեղասպանության, այնպես էլ Արցախի ճանաչման ուղղությամբ:
ՀՅԴ Արցախի շրջանային արտակարգ ժողովին ներկա են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, շրջանների մարմինների և ուղեկից կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացելով ժողովը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ արտակարգ ժողովը հրավիրվել է ի կատարումն հուլիսին կայացած Շրջանային Ժողովի որոշման:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր ողջույնի խոսքում վստահություն է հայտնել, որ Դաշնակցությունն իր պատվաբեր տեղն է ունենալու Արցախի ներքաղաքական կյանքում, որպիսին որ միշտ ունեցել է:
aparaj.am