Պետությունն ունի սոցիալական պարտավորություններ, որոնք պետք է անխափան կատարի
03 Ապրիլ 2020 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Պետական բյուջեի 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 110 միլիարդ դրամով, կամ 46 տոկոսով: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ կասկածում է, որ 2020 թ-ի առաջին եռամսյակում ունեցել ենք հարկային մուտքերի այդչափ ավելացում։
«Այդ ցուցանիշը չի համապատասխանում մյուս մակրոտնտեսական ցուցանիշներին։ Մենք չենք ունեցել դրան համարժեք մակրոտնտեսական աճ, տնտեսական ակտիվություն։ Կարծում եմ, այստեղ առնվազն ոչ թե օբյեկտիվ իրավիճակ է ներկայացվում, այլև ներկայացվում է քաղաքական դրդապատճառներով ցուցանիշ, որի նպատակը պարզ է՝ հիմք ստեղծել ապագայում կանխատեսվող հարկային մուտքերի անկումը հիմնավորելու։ Եթե այսպես շարունակվի ՝ դա լինելու է շատ առարկայական և մեծ չափով, քանի որ տնտեսական ակտիվության ցուցանիշն այսօր գլորվում է ցած, ու դա միայն կորոնավիրուսով չի կարելի պայմանավորել»,-ասաց տնտեսագետն՝ ընդգծելով, որ կառավարությունում փոխարենը զբաղվեն կոնկրետ լուծումներով և առարկայական լուծումներով՝ իրատեսական աջակցության գործիքներ գործադրեն՝ մարդկանց մոտ սպասումներ են առաջացնում։
«Բայց այս մոտեցումը բացառապես չի բխում օրվա օբյեկտիվ իրավիճակից, առավել ևս չի բխում հանրային շահից, քաղաքական դիվիդենտներ շահելու և սեփական խոստումների ձախողումը արդարացնելու բացարձակ ժամանակը չէ»։ Ավետիսյանն ընդգծեց, որ մյուս կողմից էլ ակնհայտ հակասություն կա իշխանության հայտարարություններում։ «Երբ օրվա իշխանություններին դիմում ես առաջարկներով՝ հակափաստարկում են, որ պետական բյուջեն անսահման չի և, որ ամեն մեկն իր առաջարկությունները ներկայացնելիս՝ դա պետք է հաշվի առնի։ Եթե մենք ունենք պերմամենտ աճ պետական բյուջեի եկամուտների, ապա ռեսուրսներ պետք է որ լինեն։ Կարծում եմ՝ գլուխ գովելու ժամանակը չէ, հատկապես, որ այդ աճը արձանագրվել է հարկային վարչարարության հետևանքով, ինչն արդեն սպառվել է, ի վերջո՝ ստվերն անվերջ չէ և կրճատվելու ռեսուրսը վերանալու է։ Եթե անգամ չլիներ կորոնավիրուսը՝ ակնհայտ է, որ 2020 թ-ին չէինք ունենալու մեծ աճ պետական բյուջեում։ Դա հենց կառավարությունն է արտացոլել պետական բյուջեի եկամուտներում, երբ կորոնավիրուսի մասին խոսակցություններ չկային»։
Տնտեսագետն հիշեցրեց, որ բյուջեում ամրագրված է 4 տոկոսանոց տնտեսական աճ, որին համարժեք էլ եկամուտների ավելացում էր դրվել պետական բյուջեում։ Միաժամանակ, այսօր տնտեսության մի զգալի հատված զգալի վնասներ է կրում, ինչը բերելու է հարկային մուտքերի նվազման։ «Բայց ես այնքան անհանգիստ չեմ հարկային մուտքերի նվազումից, որքան անհանգիստ եմ պետության սոցիալական ֆունկցիայի իրականացմամբ։ Պետությունն ունի սոցիալական պարտավորություններ, որոնք պետք է անխափան կատարի, մեծ է ռիսկը, որ այսպիսի մոտեցումների պարագայում՝ մենք ունենալու ենք կոնկրետ խնդիրներ՝ սկսած կենսաթոշակների վճարումից՝ վերջացրած սոցիալական նպաստներ, պետական աշխատավարձեր։ Այս խնդիրները չի կարելի անտեսել կամ թերագնահատել, այնպես, ինչպես չէր կարելի թերագնահայտել նույն այդ կորոնավիրուսի հնարավոր հետևանքները»։