Ամբոխավարական տրամաբանությամբ չի կարելի մոտենալ Հայոց եկեղեցուն
17 Ապրիլ 2020 ՀՅԴ Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Արմեն Մազլումյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես դեմ է քաղաքական հաշիվներ մաքրելուն և պատեհապաշտորեն ուրիշին զրպարտելուն, դատողություններին և վիրավորական արտահայտություններին, հատկապես, եթե դրանք վերաբերում են եկեղեցուն: Նա նման դիտարկում արեց`անդրադառնալով այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված՝ ՀՀ ներկայիս իշխանությունների մեղադրանքներին:
«Հայաստանյաց եկեղեցին մեր կարևորագույն սյուներից մեկն է և անընդունելի է ինչ-ինչ հաշիվների համար, առանց փաստերի, նսեմացնելը և պախարակելն այն»,- ասաց նա:
Արմեն Մազլումյանի խոսքով` ամբոխավարական տրամաբանությամբ չի կարելի մոտենալ Հայոց եկեղեցուն: «Նրանք, որոնք սխալ են գործել, երկիր կողոպտել, խնդրեմ, թող հաշիվ տան դատարանում` օրենքի առջև և ոչ ընկերային ցանցերում»,- ասաց նա:
Նա մատնանշեց, որ մենք փոքր պետություն ենք` կիսապատերազմական իրավիճակում, իսկ երկրի անվտանգությունը առաջնահերթություն է: «Թույլատրելի չէ արդարություն պահանջել` շրջանցելով օրենք, դատարան և դատավոր. հետո քաոս կստեղծվի: Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել օրենքի գերակայությամբ, որպես ժողովրդավարական երկիր, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան