Պատերազմը շարունակվում է
10 Հոկտեմբեր 2020 Այնպես չէ, որ Ադրբեջանը պահում է համաձայնությունները. նա փորձում է հնարավորինս նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և թելադրողի կողմից հանդես գալ, դրա համար անընդհատ հարձակողական գործողություններ է իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցմանն ու հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը:«Պատերազմը շարունակվում է. եթե հարձակվում են, մեր բանակը կատարում է համապատասխան գործողությունները, մինչև միջնորդական առաքելություն իրականացնող երկրները, տվյալ դեպքում՝ ՌԴ-ն նորից որոշակի միջամտություն իրականցնի և արտգործնախարարների միջև ձեռք բերված համաձայնությունն իրականություն դառնա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ թեև հումանիտար հրադադար է, սակայն ռազմական գործողություններն ամեն պահի կարող են վերսկսվել, և պետք է պատրաստ լինել դրանց:

«Մեր հակառակորդն օձ է, որը միշտ պատրաստ է խայթել: Չես կարող վստահ լինել, թե այս պահին անցնելու ենք հրադարադի, նստելու ենք խոսելու: Ոչ միայն այս երեսուն տարիների, այլև նախորդ տարիների պատմությունը միշտ էլ ցույց է տվել, որ անընդհատ այդ թույնը փորձում են թափել մեր ժողովրդի վրա: Սա մեզ համար հայրենական պատերազմ է, և համախմբվածությամբ, միասնությամբ կարող ենք հաջողություն արձանագրել»,-ասաց նա՝ նշելով, թե Արցախյան առաջին պատերազմից սկսած նման համաձայնություններ միշտ եղել են, և ադրբեջանական կողմը միշտ փորձել է խախտել պայմանավորվածությունները:
Ըստ Բալայանի՝ դժվար է ասել՝ հումանիտար հրադադարը որքան կտևի: «Իմ կարծիքով՝ եթե հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հարցը կոշտ դնեն, դժվար թե Թուրքիան, էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին, կարող է դիմակայել ՌԴ-ին, ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային: Հարցը կոշտ դնելու պարագայում, կարծում եմ, արդյունք կլինի: Այնպես չէ, որ նրանք ի վիճակի են անտեսել բոլորին: Երկրորդ հանգամանքը, իհարկե, ռազմաճակատում պինդ կանգնելն է, որ թշնամին հասկանա՝ ռազմական գործողությունները իսկապես ճանապարհ չեն, որ իր կորուստները բազմակի շատ են, և զենքի ուժով անհնար է ծնկի բերել իր ազատության համար պայքարող ժողովրդին»,-ասաց Բալայանը:
Նրա խոսքով՝ ամեն պատերազմ վերջ է ունենում, և ինչ-որ տեղ միգուցե բնական է, որ նման համաձայնության գալիս են նույնիսկ իրարամերժ, հակառակորդ կողմերը: «Խնդիրն այն է, որ այդ հրադադարի հաստատումը պետք է իսկապես կայուն լինի և փորձ արվի այն զարգացնել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասաց նա՝ նշելով, թե ադրբեջանական ժողովրդի համար հարցի՝ ոչ ռազմական ճանապարհով լուծումը շատ ավելի շահեկան կլինի:
«Այս պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ մեր զորքն ի վիճակի է եղած զինատեսակներով թիրախային հարվածներ հասցնել թե՛ Ադրբեջանի ենթակառուցվածքներին, թե՛ ռազմական օբյեկտներին: «Թշնամին դա ընկալեց. ի վերջո նրանք միլիոնավոր դոլարներով վնաս են կրում, մարդկային կորուստներ են ունենում: Տեսանելի է նաև ադրբեջանական ժողովրդի դժգոհությունը իշխանություններից, որովհետև, եթե հայ ժողովուրդը պայքարում է իր ազատ ապրելու իրավունքը իր հայրենիքում իրացնելու համար, նրանք պարզապես նպատակ ունեն հող նվաճել»,-ասաց նա՝ տեսակետ հայտնելով, թե հակառակորդի գիտակից հատվածն այդ ամենն ընկալում է և ուզում է, որ խաղաղ բանակցային գործընթացով խնդրին լուծում տրվի:
Վահրամ Բալայանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կոնֆլիկտն արդեն հայ-ադրբեջանական չէ, այն դուրս է եկել դրա սահմաններից: «Թուրքիայի ամենագործուն մասնակցությունն ակնհայտ է: Վերջինս անընդհատ ֆոն է ստեղծում՝ գործողությունների մեջ առավել ակտիվ ներքաշվելու համար. սա այն հիմնական առանձնահատկությունն է, որ այժմ առկա է՝ ի տարբերություն, օրինակ, առաջին պատերազմի, Ապրիլյան պատերազմի: Երկրորդ հանգամանքը, որն ավելի վտանգավոր է, ահաբեկչական ուժերի ներգրավումն է այս հակամարտությանը: Դրա մասին արդեն աշխարհն է խոսում»,-ասաց ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: