Իմքայլականներն իրենց մեջ թող գտնեն դավաճաններին և սպասեն պատժի
15 Մարտ 2021
Ազգային ժողովի Բաղրամյան պողոտայի մուտքի դիմաց ՀՅԴ երիտասարդներն ակցիա իրականացրին: Նրանք իրենց հետ բերել էին Շահան Նաթալի «Թուրքերը և մենք» գիրքը՝ ցանկանալով այն թողնել ԱԺ անցակետում, որպեսզի փոխանցեն «Իմ քայլը» խմբակցությանը:
«Այսօր Սողոմոն Թեհլերյանի իրականացրած ակտի 100 ամյակն է: Ուզում ենք «Թուրքերը և մենք» գիրքը նվիրել «Իմ քայլը» խմբակցությանը: Վստահ եմ, որ այս ֆրակցիայի մեծ մասը այսօրվա կարևորության և «Նեմեսիս» գործողության մասին տեղյակ չէ, տեղյակ լինելուց էլ շատ անտարբեր է: Վստահ եմ, եթե իրենք այդ ժամանակ հայկական իրականության մեջ լինեին դերակատարողներ, «Նեմեսիս» գործողությունը տեղի չէր ունենա, և եթե դերակատարող էլ չլինեին, որպես չակերտավոր ասած՝ մարդասերներ և թուրքասերներ կդատապարտեին «Նեմեսիս» գործողությունը»,- նշեց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը:
Նա նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամները պետք է կարդան, հասկանան, որ հայոց պատմության մեջ հայ դավաճաններին միշտ տալիս են իրենց պատիժը. «Ամեն ժամակահատված՝ այդ ժամանահատվածին բնորոշ պատիժ է եղել և «Իմ քայլը» թող իրենց մեջ գտնեն դավաճաններին և սպասեն այսօրվա ժամանակաշրջանին համապատասխան պատժին, որովհետև այս իշխանությունները դավաճանական գործողություն է իրականացրել՝ Նիկոլ Փաշինայնի գլխավորությամբ»:
Նրանք նշեցին, որ գիրքն այսօրվա իրականության և թուրքերի հետ բարեկամության մասին է, իսկ այսօրվա կեղծ խաղաղասիրության առաջամարտիկներն էին, որ բերեցին մեր երկիրը այս օրվան. «Մենք կողմ ենք խաղաղության, բայց այն պետք է պարտադրել ուժով: Խաղաղության կհասնենք, երբ պատրաստ լինենք պատերազմի, իսկ այս մարդիկ պատրաստ չէին պատերազմի նրանց համար Ղարաբաղը բեռ էր: Իրենք չեն հասկացել, որ Ղարաբաղը Հայաստանի անվտանգության երաշխավորն էր և այսօր մեր բանակն, որը կրկին մեր անվտանգության երաշխավորն էր, մեջքը կոտրված է իրենց քաղաքականության և Նիկոլ Փաշինյանի մեղավորության արդյունքում»:
Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին ասացին, որ անցակետում մարդ չկա և չեն կարող գիրքը փոխանցել: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ գիրքը փոստով կուղարկեն «Իմ քայլ»-ը խմբակցությանը. «Հատկապես ուզում ենք Անդրանիկ Քոչարյանը և մի քանի պատգամավորներ կարդան»:
https://youtu.be/WLXPEuk0L0Y