«Առանց Նիկոլ Հայաստան» ակցիան՝ ԿԳՄՍՆ-ի շենքի դիմաց
17 Մարտ 2021
Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է այցելեր ԿԳՄՍ նախարարություն: ՀՅԴ Երիտասարդական միության անդամները տեղեկանալով այս մասին երեկ հայտարարություն էին տարածել, որ մտադիր են փակել նրա ճանապարհը:
Առավոտյան արդեն նախարարության շենքը չորս կողմից շրջապատված է եղել ոստիկանների կողմից, ինչպես նաեւ երկու կողմից փակ էր Վազգեն Սարգսյանի փողոցը:
Մենք երեք ընկերներով ենք այստեղ։ Մենք ուզում էինք ցույց տալ հենց այս ոստիկանապետության պատկերը, որը հիմա ՀՀ-ում իրականություն է դարձել․ ԿԳՄՍՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Նիկոլ Փաշինյանը 500 մետր վերև գտնվող իր աշխատասենյակից 500 մետր ներքև գտնվող նախարարություն կարող է այցելել հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ։ Տեսեք՝ ժողովրդավարություն հորջորջող մարդը, թիմը ոնց է տեղաշարժվում ու ինքներդ որոշեք՝ ուզո՞ւմ եք էսպիսի ղեկավար ունենալ, թե՞ ոչ… Երեք ընկերով ենք այստեղ, բայց շրջապատված ենք այսքան ոստիկաններով»,- ասաց նա։
«Սրանից մեկ տարի առաջ, երբ այս նախարարության դիմաց նստացույց էինք անում, և պահանջում էինք տխրահռչակ նախարարի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը եկավ, կանգնեց մեր առջև և խոսեց։ Մենք ուզում ենք ցույց տալ, թե մեկ տարի հետո Նիկոլ Փաշինյանի իրական վիճակը և նրա իշխանության իրական պատկերը որն է․ նա այսօր խուսափում է ՀՀ քաղաքացիների հետ հանդիպելուց, և կառավարությունից նախարարություն տեղաշարժվում է հազարավոր ոստիկաններով։ Նրա իշխանությունը բաղկացած է այս ոստիկաններից»,-հայտարարեց Գոռ Սարգսյանը։
Կառավարության շենքից դեպի ԿԳՄՍ նախարարություն 500 մետր տարածությունը հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ և մի քանի ավտոմեքենաների շարասյունով գնացող Նիկոլ Փաշինյանին ցուցարարները դիմավորեցին կառավարության շենքի մոտ՝ «դավաճան» վանկարկումներով։
«Որոշեցինք գալ՝ այստեղ բարևել նրան, օրհնել, նոր այստեղից թող գնա այնտեղ»,-ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։
Նա նշեց, որ նախորդ անգամ, երբ ինքը միայնակ էր բողոքի ակցիա անում, 60 ոստիկան բերեցին իր դեմ, այսօր մոտ մեկ տասնյակ ցուցարարներ են, և ոստիկանների թիվը այդքան անգամ բազմապատկել են։
https://youtu.be/JUBQjpaL0l4