ՀՅԴ երիտասարդների ակցիան ՀՀ առողջապահության նախարարության մոտ
02 Հունիս 2021
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն այսօր, հունիսի 2-ին ակցիա իրականացրեցին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի դեմ։
Միանշանակ է, որ ՀՀ առողջապահության նախարարի ժպ-ն, առնվազն հենց զոհվածների մարմինները սահմռկեցուցիչ պայմաններում պահելու դեպքից ելնելով, եթե մարդկային որևէ արժեք ունի, պետք է հրաժարական տա և հեռանա․ ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը ՀՀ առողջապահության նախարարության շենքի առջև ակցիայի ժամանակ։
Երիտասարդները վանկարկեցին՝ «Անահի՛տ, իջիր», և ասացին, որ ունեն հստակ պահանջ՝ հանդիպելու և մի քանի հարց տալու ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին։
«Անցնող երկու օրում մեր հասարակությունը ականատեսը եղավ մի երևույթի, երբ ամիսներ շարունակ անհետ կորածների ծնողները տեղեկություններ չունեին իրենց զավակներից, ի պատասխան դրա երկու օր առաջ պատահական պարզ դարձավ, որ տասնյակ մեր զոհված եղբայրների մարմիններ պահվում են պարզապես սահմռկեցուցիչ պայմաններում, պահվում են այնպիսի պայմաններում, որ յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ ազգությունից, տեսնելով, որ հայրենիքի համար կյանքը տված զինվորը ինչ ճակատագրի է արժանացել պետության կողմից, միանշանակ չի կարող խելամիտ արձագանք տալ դրան։ Այսինքն, գժվելու աստիճանի կարելի է հասնել՝ տեսնելով այն պատկերը, որն ունենք այսօր»,-ասաց նա։
Սևակ Նազարյանն արձանագրեց, որ սա այն պետության պատկերն է, որն այս իշխանությունը կարողացել է դարձնել Հայաստանի Հանրապետությունը։
Նրանք պահանջեցին, որ առողջապահության նախարարը գա այդտեղ և արձանագրեցին, որ անգամ այն 20 օրը, որ մնացել է այս իշխանությանը, նախարարը բարոյական իրավունք չունի պաշտոնավարելու։
«Այս համակարգն ինքն է արժանի այդ տոպրակների մեջ փաթաթվելու և նետվելու աղբանոցը»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի վրա։
Երիտասարդների և ոստիկանների միջև քաշքշուք սկսվեց :
«Անհայրենիք ոստիկաններ եք»,- բղավեցին ակցիայի մասնակիցները:
ՀՅԴ մի քանի ակտիվիստների կոպիտ ուժով բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի անդամ Հայկազ Հարությունյանը, ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարդոյանը։ Սևակ Նազարյանին քաշքշեցին, բայց տանել չկարողացան։
«Տարան էն բոլոր մեր տղերքին, ով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 24-ը իրենց կյանքի գնով՝ գիտակցաբար, պաշտպանել են մեր հայրենիքը․ Արսեն Մարդոյանին, որ Մատաղիսում դիպուկահարի կրակոցից վիրավորված մի կերպ է կյանքը փրկվել, Հայկազին, որ վիրավորվել է հրետանու կրակոցից, մի քանի օր առաջ վիրահատեցին գլխի միջի բեկորը։ Այդ մարդկանց առանց պատճառի, ուղղակի կանգնելու համար հրաման ստացան, տարան էդ մարդկանց, հետո հրաման ստացան, որ թիվը լրացել է։ Մարդ են տարել, հանգստացել են իրենց հրաման տվողները՝ թողեք։ Սևակին որ ուզում էին տանել՝ դա թիվը լրացնելու համար էր»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/Wc-banqe4d4