Արցախի հարցով մշտական հանձնաժողովը ստեղծմամբ պետք է վերականգնել Հայաստանի՝ որպես Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի խարխլված դիրքերը․ Արմեն Ռուստամյան
06 Օգոստոս 2021
Մենք ասում ենք ճգնաժամը խորանում է, դուք կարծում եք՝ ճգնաժամ չկա. այս մասին խորհրդարանի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հակադարձեց իշխող մեծամասնությանը։ Նա նշեց, որ շատ հարցեր կան, որ իշխող ուժը և ընդդիմությունը տրամագծորեն տարբեր մոտեցումներ ունեն։
Դրանից մեկը Արցախի մասին հարցն է։
Ռուստամյանը կենտրոնական ամբիոնից հայտնեց, որ պետք է վերականգնել Հայաստանի՝ որպես Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի խարխլված դիրքերը, վերականգնել Արցախի հանրապետության խարխլված սուբյեկտայնությունը։
Ռուստամյանը նշեց՝ գիտի ինչ է կատարվում Արցախում, լրջագույն խնդիրներ կան։ Առաջնային է համարում վերականգնել Հայաստան-Արցախ հարաբերությունների ռազմավարական մակարդակը, ըստ Ռուստամյանի, այն զրոյացված է։ Ստեղծված նոր իրավիճակում հակամարտության կարգավորման հայկական կողմերի հայեցակարգը պետք է հստակեցվի։
«Ժամանակին ունեինք Արցախ՝ հռչակված ԼՂ, որ իր լիազորությունները տարածել էր 12,5 հազար քառ. կիլոմետրի վրա, հիմա ձեր թեթև ձեռքով 10 հազարը կորցրել ենք։ Էս վիճակով մենք ո՞նց ենք պատկերացնում Արցախի հարցի կարգավորումը։ Ինչպե՞ս անենք, որ Արցախը լինի իսկապես հայկական, ձեռք բերի անկախություն, անվտանգ լինի։ Էս հարցերը ճշտե՞լ եք, թե թողնելու եք էլի կուլիսներում որոշեն, մեկ էլ մի օր պարզվի, որ ոչ մի բան էլ չի ճշտվում՝ ինչ ուզում անում ենք, ո՛չ չենք թողնելու՝ ինչ ուզեք անեք։ Ժողովուրդն ասելա ինչ պիտի անեք։ Ժողովուրդը ասել է՝ ինչպես է պետք լուծել Արցախի հարցը, դուք իրավունք չունեք դրանից շեղվել»։
Ռուստամյանը նշեց՝ եթե վերջնականապես կորցնեն Արցախի հայանպաստ կարգավորումը՝ Հայաստանը կորելու է, աշխարհով մեկ կորցնում ենք հաղթաթղթերը։ Աշխարհին մենք հետաքրքրել ենք Արցախի հակամարտության խնդրով, Սյունիքով, ատոմակայանով։
Արցախի մասին մշտական հանձնաժողովի՝ իշխող ուժի դիրքորոշման մասին խոսելիս Ռուստամյանը նշեց.
«Չստեղծեք՝ նշանակում է դուք էդ հարցը չեք ուզում լուծեք, կամ ուզում եք լուծեք էնպես, ինչպես լուծել եք առաջին էտապում՝ կապիտուլյացիան մեր գլխին բերելով։
«Դուք ասում եք ճգնաժամը հաղթահարվել է, մենք ասում ենք ճգնաժամը խորացել է։ Դուք չեք ուզում հասկանալ, ճգնաժամի խորության էությունը որն է։ Նախևառաջ այն է, որ ոչ միայն պատերազմի պարտության պատճառները չեն բացահայտված, այլև այդ պարտության հետևանքները, որոնք մեզ սպասվում են, վերացված չեն։
Իսկ պարտության հետևանքները օր-օրի մեր դռանը ավելի ու ավելի արձանագրված կանգնելու են։ Ազգային ժողովում հստակ ցույց ենք տալու, որ ինչ խնդիր գոյություն ունի, որ դուք պարտավոր եք լուծել, որ հանրութունն իմանա, թե դուք ինչպիսի մոդելով եք պատկերացնում այդ խնդիրների լուծումը։ Արցախի հարցը դրա գլխավոր առանցքային հարցերից մեկն է։ Մենք ասում ենք պարտություն է եղել, այդ պարտության հետևանքները չեզոքացնենք, և դրանից բխող գործիքակազմ ստեղծենք, քայլեր կատարենք, դուք ասում եք, «այո իհարկե, ով է ասում, որ Արցախի հարցը կարևոր չի․․․մեր ամբողջ գործունեությունն ուղղվածա Արցախին․․․», բայց որ ասում ենք եկեք դրա համար գործ անենք, պարզվում է, որ չէ՝ դուք ինչ-որ երկրորդական, երրորդական պատճառներ եք գտնում, հակափաստարկներ եք բերում, որոնք թղթե տանկի նման քանդվելու են։
Ուրեմն երկու հիմնական փաստարկ եք բերում, ասում եք ՝ մենք ունենք միջխորհրդարանական հանձնաժողովի մակարդակով այս հարցի լուծումը և դրա համար Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծումը իբր թե կարգավիճակն իջեցնում եք մեր հարաբերությունների։ Չեք անդրադառնում, որ ունեք 2 հանձնաժողով, որով եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, դուք ուղղակի շատ վատ մեսիջ եք ուղարկում թե՛ Եվրամիությանը , թե՛ ԵԱՏՄ-ին։ Ի՞նչ է նշանակում Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողով, եթե ստեղծել ենք, իջեցնում ենք մակարդակը Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների։ Տարածաշրջանային և եվրասիական հանձնաժողովի ինտեգրման հարցերի հանձնաժողով եք ուզում ստեղծել, դրանով ՄԻԵԴ ԵԱՏՄ հարաբերություննե՞րն ենք նսեմացնում, կամ տարածաշրջանային երկրների հետ հարաբերություննե՞րն ենք նսեմացնում, եթե ոչ, ուրեմն սա էլ չի նսեմացնում, այլ հակառակը՝ բարձրացնում է։ Այս հանձնաժողովը լրացնելու է մեր այն ամբողջ գործընթացին, որ մենք եվրամիության հետ իրականցնում ենք։ Հանձնաժողովը զբաղվելու է այդ հարցով, օժանդակելու է, իր մասով նպաստելու է այդ գործընթացին, մեկը մյուսին լրացնելով, ոչ թե խանգարելով»։