«Զանգեզուրի միջանցքը» Ալիևի համար ավելի կարևոր է, քան Ղարաբաղի հարցը. Արմեն Ռուստամյան
01 Դեկտեմբեր 2021
Ալիևի համար «Զանգեզուրի միջանցքի» հարցը նույնիսկ ավելի կարևոր է, քան Ղարաբաղի հարցը, azatutyun.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից ու համատեղ հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը՝ ամենաբարձր նախագահի մակարդակով միջազգային հարթակներից շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։
Արմեն Ռուստամյանը մտահոգված է, որ Սոչիում ստորագրված հայտարարություններից բացի կարող են լինել նաև բանավոր պայմանավորվածություններ, քանի որ նման նախադեպեր եղել են. – «Փաստերը մեզ հուշում են, որ բացի այն, ինչ որ պաշտոնապես հրապարակվում է գրավոր տեքստով, կան նաև բանավոր պայմանավորվածություններ։ Հաստատ զանազան այլ համաձայնություններ, շատ հավանական է, որ նաև բանավոր, այդտեղ տեղի են ունեցել, որը տալիս է առիթ Ալիևին հայտարարելու այն մասին, որ այո, հարցը Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի, լուծված է»։