Արթուր Խաչատրյանը ամփոփեց քաղաքական տարին
28 Դեկտեմբեր 2021
Այսօր, դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի մամուլի ասուլիսը։
Եթե Փաշինյանը հանկարծ որոշի գնալ Արցախ, ես պատկերացնում եմ՝ ինչ «ջերմ» ողջույնների կարժանանա, և չգիտեմ՝ վախենում է գնալ Արցախ, ոորվհետև ադրբեջանցիներից է վախենում, թե՞ արցախցիներից․ ասուլիսին հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
«Իհարկե, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում շատերը հասկանում են, որ այս քաղաքականությունն, ի վերջո, բերելու է Արցախի հայաթափմանը։ Ինքն իր հայտարարության մեջ ավելի առաջ գնաց՝ ոչ միայն Արցախը տվեց Ադրբեջանն, այլև այն ներսից քանդեց՝ «ո՞վ ասաց, որ Արցախում միայն հայեր են ապրել»։ Հա, ոչ ոք չասաց, բայց ավելի լավ է, որ Շուշիի վրա ծածանվեր հայկական դրոշը, Արցախը լիներ անկախ, և Շուշիում թող ապրեր ադրբեջանական փոքրամասնությունը։ Ի վերջո, աշխարհում ընդամենը մեկ պետություն կա, որն ազգային հատկանիշի վրա է ստեղծված, և այդ պետությունը ո՛չ Հայաստանն է, ո՛չ Արցախի Հանրապետությունը։ Բայց ինքը փորձում է փաստերի այդ էժանագին խեղաթյուրումով մարդկանց ստիպել հաշտվել մտքի հետ, որ Արցախն, իբր, վաղուց արդեն հանձնված էր»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նրա համոզմամբ, արցախցիների աչքերը դեպի Հայաստան են՝ Հայաստանում իրավիճակը պետք է փոխվի, որ արցախցիները հույս ունենան, որովհետև արցախցիներին այսօր ամենաշատը մտահոգում է այդ անորոշությունը՝ ի՞նչ է լինելու Արցախի ապագան․ որևէ մեկը չի ցանկանա, որ իր երեխան խաղա թուրքի սնայպերից մի 100 մ հեռավորության վրա։
Եթե այս իշխանությունը մնա և շարունակի, Արթուր Խաչատրյանը վստահ է, որ կփակեն Արցախի և Հայաստանի վերամիավորման կամ Արցախի անկախության էջը։
Հիմա մենք ունենք ակտիվ ընդդիմություն խորհրդարանում, բայց խորհրդարանից դուրս դեռ աշխատանք է պետք, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց․ ասաց պատգամավորը։
«Եվ մենք տեսնում ենք, որ առաջանում են բազմաթիվ խմբեր, խմբակներ, կուսակցություններ, ովքեր մարդկանց հանում են փողոց։ Այսինքն, բավականին լայն ճակատ է ձևավորվում այս իշխանությունների դեմ տարբեր օրակարգերով։ Եվ այս իշխանությունից մարդկանց դժգոհությունը գնալով ավել մեծանում է, որովհետև այս իշխանությունները որևէ խնդիր չեն լուծել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ իրենք մանդատները վար չեն դնում, որովհետև օգտագործում են խորհրդարանի ամբիոնը, որպեսզի ցույց տան, թե ինչ կանեին իրենք, եթե լինեին իշխանության։
«Ազգային ժողովը Փաշինյանի հորական տան շուշաբանդը չի, մենք չենք գնում Փաշինյանի տուն նրա հետ սուրճ խմելու և հարցեր քննարկելու, մենք օգտագործում ենք խորհրդարանական ընդդիմությանը հասու բոլոր միջոցները, որպեսզի բացահայտենք Փաշինյանի իրական ազգադավ ծրագրերը, և առաջարկենք մեր այլընտրանքային լուծումերը»,-ասաց Աթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/hI0sFTGSOTo