Այս իշխանության հեռացումը պետք է լինի առաջնահերթ նպատակ, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Եսայան
14 Փետրվար 2022
«Մենք տեսնում ենք՝ դատական համակարգի բռնազավթման փորձերը բավականին լուրջ հակազդեցություն են առաջացրել հենց այս համակարգում»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նկատեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը:
Ըստ նրա՝ այն, ինչ կատարվում է դատական համակարգի հետ, աննախադեպ է: Նա փաստեց. «Աննախադեպ է, երբ դատավորն իր կայացրած արդարադատության ակտի համար կանչվում է պատասխանատվության: Այսպիսի բան չի եղել, քրեական արդարադատության դեմ իրականացվող հանցագործության գլխի տակ սրանք գնում են բոլոր հոդվածներով: Վարչապետի օգնականը մասնագիտական խորհրդատվություն է իրականացնում դատարաններում, դատախազությունում: Սա ուղղակի միջամտություն է արդարադատության իրականացմանը: Աննախադեպ խայտառակություն է»:
Խոսելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասին՝ Բագրատ Եսայանն ասաց. «Նա հայտնի է 1994-ից: Մենք շատ լավ ենք ճանաչում նրան, քանի որ Դաշնակցությանն արգելելու իրավական հիմնավորման ակունքում կանգնած էր այս անձնավորությունը: 28 տարի առաջ դեռևս երիտասարդ և հեռանկարային իրավաբանն այդ նախաձեռնությամբ է հանդես եկել ու հիմնավորել, որ կարող է Դաշնակցության կասեցման իրավական հիմնավորումը տալ: Նա ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի աթոռին է և հիմնավորում է, թե ինչու դատավորներին պիտի ձերբակալվեն: Այս քանակի կարգապահական վարույթների հարուցման նախաձեռնություն և բավարարումներ դեռևս չեն եղել»:
Ըստ Բագրատ Եսայանի՝ Գագիկ Ջհանգիրյանը «մատների վրա խաղացնում է» մյուս բոլոր պաշտոնյաներին: Բագրատ Եսայանի համոզմամբ՝ Գագիկ Ջհանգիրյանը հոկտեմբերի 27-ից հետո մեծ ազդեցություն է ունեցել ՀՀ-ի քաղաքական դաշտի վրա. « Հոկտեմբերի 27-ից հետո նա վեց ամիս շարունակ Նաիրի Հունանյանի հետ համատեղ ֆռռացնում էր ամբողջ քաղաքական համակարգը: Նաիրին այսպիսի ցուցմունք կտա, թե չի տա, սրանք կձերբակալեն, թե՝ ոչ, այս ուղղությամբ կասկածները կխորանան, թե՝ ոչ, սա այն անձնավորությունն է, որից վեց ամիս շարունակ ՀՀ-ի քաղաքական կայունությունն էր կախված: Հիմա, երբ հոկտեմբերի 27-ի մասին խոսողներ են հայտնվել, մոռանում են, թե ով էր ուղղորդում հոկտեմբերի 27-ի գործի դատավարությունը: Այս ամենը նրա հետևանքն է, որ այդ անձնավորությունը չպատժվեց այդ ամենի համար և մինչև 2008-ը մնաց իր պաշտոնին, իր ազդեցության իրավապահ համակարգի և դատախազական համակարգի վրա»:
«Մեղադրանքներ են շրջանառում, թե իբր Դաշնակցության ջոկատներից մեկի հրամանատարն է ձերբակալվել, մի անձնավորություն, որի անուն ազգանունը բացարձակ կապ չունի Դաշնակցության հետ»,-լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Բագրատ Եսայանը:
Բագրատ Եսայանն այս առիթով արձագանքեց. «Մեր չորս վաշտերը՝ ավելի քան 500 հոգի, որ մեկնել են ռազմաճակատ, նրանց հետ այդ անունը կապ չունի: Դաշնակցությունը «Հայդուկ» ջոկատ չունի, «Հայդուկ» ջոկատը նման անունով հրամանատար ունի, թե՝ ոչ, բայց այդ անունը որևէ կապ չունի Դաշնակցության հետ: Իրականությունն այն է, որ Քարվաճառը և Ջեբրայիլը խառնող անձնավորությունն աջակցում էր 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին, ձերբակալվածներից մեկը լուսանկար ունի կարկառուն ՔՊ-ականներից մեկի հետ: Այսինքն՝ ուղղակի ծիծաղելի է Դաշնակցության մեղադրանքը»: Բագրատ Եսայանը փաստեց՝ փետրվարի 14-ը Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանի (Պետոյի) զոհվելու օրն է ու շարունակեց. «Հերոսներ տված Դաշնակցության գումարտակին, նորօրյա 44-օրյա պատերազմի ժամանակ առաջինը առաջնագիծ մեկնած դաշնակցական կամավորներին փորձում են վարկաբեկել նման մեթոդով: Մինչդեռ դավաճանության խարանն իրենց ու իրենց գաղափարակիրների ճակատին դաջված է»:
Բագրատ Եսայանը ցավում է, որ հայրենիքի գաղափարն այնքան է արժեզրկվել Նիկոլ Փաշինյանի գաղափարական հետևորդների համար, որ «նույն երեք հարյուր դոլարով իր հայրենիքը ծախելը շուկայում քյալամ ծախելու պես բան է դարձել»:
Խոսելով ֆեյքերի և լրատվական դաշտում գոյություն ունեցող իրավիճակի, սահմանափակումների մասին՝ Բագրատ Եսայանն ասաց. «Ճշմարտությունը, հստակությունն այն առաքելությունն է, որ լրատվամիջոցն ունի: Մենք այս կանոններին հետևում ենք: Մենք իրենց նման անչափ անբարոյական չենք, որ օրինակ, ֆեյքերի ֆաբրիկայով լուր հրապարակենք, որ ես ու Գեղամ Մանուկյանն իրար ծեծել ենք: Գրում են, իհարկե, իրենք կհերքեն, բայց մենք վստահեցնում ենք, որ դա եղել է: Սրա համար ուղղակի պետք է անսահման անբարոյական լինել»։
Բագրատ Եսայանը վստահեցրեց՝ այս իշխանության հեռացումը պետք է լինի առաջնահերթ նպատակ, բայց ոչ ամեն գնով: Ըստ նրա՝ անբարոյական մեթոդով բարոյական խնդիր լուծելն անհնար է»: Խորհրդարանական ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքների առիթով Բագրատ Եսայանն ասաց, որ ընդդիմության աշխատանքը նկատելի է ու հիմնավորեց՝ հենց այն, որ հասարակական տրամադրություններ են փոխվել, և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել, այդ աշխատանքի արդյունքն է նաև:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
aravot.am