Թուրքիայի և Ադրբեջանի համար առաջնայինը տնտեսական շահերը չեն, այլ աշխարհաքաղաքական
15 Փետրվար 2022
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հերթական հոդվածն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ. «Թուրքիայի «Արևելյան էքսպրես»-ը ներուժ է առաջարկում Հայաստանի զբոսաշրջային երկաթուղուն» վերտառությամբ հոդվածում ներկայացվել է Երևան-Գյումրի գնացքի աշխատանքը և նշանակությունը։ Ի դեպ, հրապարակմամբ արձանագրվում է, որ Գյումրի-Երևան երկաթուղին ներուժ ունի միանալու Թուրքիայի Անկարա-Կարս երկաթուղուն (Արևելյան էքսպրես)՝ հիշեցմամբ, որ 1996 թվականից ի վեր ոչ մի գնացք չի մտել Գյումրի Թուրքիայից։
Նկատենք, որ վերջին շրջանում այս լրատվական գործակալությունը հատկապես ուշադրության կենտրոնում է պահում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը՝ մեկ անդրադառնալով «Գյումրիում Թուրքիայի հետ սահմանի բացմանը սպասող առևտրականներին», մեկ՝ «Հայաստանի սահմանի հետ բացմանը սպասող Կարսի գործարարներին»:
Իսկ հաշվի առնելով, որ սրանք հենց պետական լրատվական գործակալությամբ առաջ մղվող թեզեր են, հետևաբար՝ սա կարելի է ընկալել որպես թուրքական պետական քաղաքականության մաս:
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում Թուրքիայի հետ տնտեսական հարցերը դիտարկեց պատմական տրամաբանության և աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում՝ արձանագրելով, որ Թուրքիայի երկարարաժամկետ ծրագրերում առհասարակ չկա Հայաստանի զարգացումը և անգամ՝ անկախ Հայաստանը:
Տնտեսագետի կարծիքով՝ թեև տնտեսական շահերի արդյունավետ համադրման դեպքում տարածաշրջանային ինտեգրումը կարող է դրական ազդել տարածաշրջանի երկրների վրա, սակայն այս տեսությունն առկա իրականությանը չի առնչվում. «Խոսել տնտեսական օգուտների մասին՝ կեղծ օրակարգ է. ըստ էության, այդ օգուտների քողի տակ մեզ պարտադրվում է թուրքական շահը: Այսպես կոչված, «ապաշրջափակում»-ն այն ձևով, որը տեսնում ենք, իրականում հիմնված է բացառապես թուրք-ադրբեջանական շահի վրա: Եվ եթե այդպիսի դոմինանտություն կա, և Հայաստանը չի կարողանում այս պահին իր ազգային շահերն առաջ մղել, մեր երկիրը ոչ միայն չի կարողանա ստանալ օգուտներ, այլև կունենա վնասներ»:
Պատգամավորը նկատեց՝ կոմունիկացիաների բացմամբ Ադրբեջանը կկապվի Թուրքիայի հետ, իսկ Հայաստանի տարածքով անցնող մի քանի տասնյակ կիլոմետրանոց ճանապարհը կդառնա այլընտրանք Հյուսիս-Հարավ ճանապարհին, որով պայմանավորված են մեր աշխարհագրական առավելությունները:
«Ես չեմ կարծում, որ այդ մի քանի տասնյակ կիլոմետրերը՝ որպես տրանսֆեր, այնքան գումարներ պետք է բերեն, որ Հյուսիս–Հարավի չշահագործման կամ թերի շահագործման մեր վնասները կարողանանք հատուցել:
Եվ ամենակարևորն այն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար առաջնայինն ամենևին տնտեսական շահերը չեն. իրենցն աշխարհաքաղաքական շահերն են: 44 օրյա պատերազմի արդյունքներով ոգևորված՝ թուրք-ադրբեջանական տանդեմն այժմ էլ հարկադրում է տնտեսական էքսպանսիա, որը Թուրքիան արդեն շատ երկրներում է կիրառել, գիտի ձևերը, արդյունքները: Հայաստանի պարագայում՝ շատ ավելի ոգևորված են, որովհետև տնտեսական կցորդ դարձնելով՝ անդառնալիորեն սպառնալիքներ են ստեղծելու մեր անկախության և մեր ինքնության համար»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը: