Ադրբեջանցու հետ հաց կիսելու ցանկություն չունենք. Արթուր Խաչատրյան
22 Փետրվար 2022
Նախնական քննարկում, դիրքորոշումների ճշգրտում իշխանության ներկայացուցիչների հետ, բնականաբար, չի եղել, որովհետեւ մինչ այս միջոցառումը մեր հայտնած դիրքորոշումներն այնքան տարբեր ու սկզբունքային էին, որ խոսել ընդհանրության մասին հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Եվրանեստթ» ԽՎ նիստերում հայ պատգամավորների կեցվածքի մասին:
«Դուք լսեցիք իշխանության ներկայացուցիչների ելույթները, ընդհանուր ֆրազներ, քաղաքական որեւէ հնչեղություն չկար, որեւէ ուղերձ չէր հղվում: Լսեցիք նաեւ ընդդիմության ներկայացուցիչների ելույթները: Մենք հստակ ասացինք, որ եթե Ադրբեջանը կամ որեւէ մեկը այլ տեղ կարծում է, որ Արցախի հարցը լուծված է եւ լուծված է ուժով, չարաչար սխալվում է: Ես ուրախ եմ, որ սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության անդամ եւ համազեկուցող տիկին Կալյուրանդը նույնպես կիսեց մեր այդ կարծիքը, որ Արցախի հարցը լուծված չէ եւ հնարավոր չէ լուծել ուժով:
Մենք խոսեցինք նաեւ ճանապարհների շրջափակման մասին, որ Ադրբեջանը խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին, մինչդեռ առաջին բանը, որ արեցին շրջափակեցին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Քարվաճառի ճանապարհը, հիմա պլանավորում են կառուցել նոր ճանապարհ, որը կշրջանցի Շուշին, այսինքն կա ռիսկ, որ հայկական բնակավայրերը, մասնավորապես Բերձորը, Աղավնոն եւ Բերդաձորը կարող են մնալ որպես անկլավ: Նաեւ խոսելով տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման մասին, ադրբեջանցիք շրջափակեցին դեպի Իրան տանող մեր հիմնական ճանապարհը:
Գերիների մասով ասացինք, որ գերիների թիվն իրենք այդպես էլ չեն հայտարարում, որ գերիներից շատերը տանջամահ են արվել, գերիների մի մասն իրենց ձեռքում է եւ գերիներին օգտագործում են որպես քաղաքական լծակ»,-հայտարարեց Խաչատրյանը:
Նրա խոսքով, ադրբեջանիցները հայտարարեցին, որ գերիները, որոնք եղել են նոյեմբերի 9-ի կեսգիշերի դրությամբ, վերադարձվել են. «Այսինքն սրանք այն գերիներն են, որոնք գերի են վերցվել պատերազմից հետո, որը իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ գերիների ամբողջական ցանկ, ով երբ, եւ որտեղից է գերի վերցվել, այդպես էլ չկա»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Նա հավելեց, որ ադրբեջանցիների կարծիքով ոչ միայն գերիների, այլեւ բոլոր հարցերը լուծված են. «Ադրբեջանի հետ խոսելու խնդիր մենք, իհարկե, չունենք: Մենք նաեւ երեկ չենք գնացել պաշտոնական ընթրիքի, որովհետեւ ադրբեջանցիների հետ ոչ ես, ոչ «Հայաստան» խմբակցության, ոչ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հաց կիսելու ցանկություն չունեն»:
Ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է հարգի ցանկացած ազգի ինքնորոշման իրավունքը․ ասաց Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանը ՌԴ-ի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի անկախությունը ճանաչելու հետ կապված:
«Ավելին ասեմ՝ Հայաստանը պետք է Արցախի անկախությունը ճանաչեր 44-օրյա պատերազմի արդեն առաջին օրերին, որովհետեւ անկախությունը չէր ճանաչվում, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարավի: Բայց բանակցային գործընթացը խաթարվեց, ադրբեջանցիները, թուրքերը, ջիհադիստ վարձկանները լայնածավալ պատերազմ սկսեցին Արցախի դեմ եւ որեւէ տրամաբանական, ռացիոնալ բացատրություն չկար, թե ինչու Հայաստանը այդ օրերին չճանաչեց Արցախի անկախությունը»,-ասաց նա:
Ճշտող հարցին, թե արդյոք ինքը կողմ է որ Հայաստանը ճանաչի այդ երկու հանրապետությունները, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Ես սկզբունքն եմ ասում. բոլոր ազգերի ինքնորոշման իրվունքը պետք է հարգվի»:
Դիտարկմանը, որ կա նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքը, որովհետեւ մենք միշտ շեշտադրում ենք ազգերի ինքնորոշումը, սակայն կա նաեւ մյուս սկզբունքը, նա արձագանքեց. «Դուք դարձաք Նիկոլի Փաշինյանի եւ Ալիեւի ադվակատը… Տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքների արհեստական հակամարտության մասին երբ խոսում ենք, ես խորհուրդ եմ տալիս կարդալ, ծանոթանալ միջազգային արդարադատության դատարանի խորհրդատվական որոշման հետ՝ կապված Կոսովոյի անկխության հետ: Նրանք հայտարարել են, որ այդ սկզբունքը գործում է կայացած պետությունների շրջանակներում: Այսինքն երկու կայացած պետություն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Բայց դա չի արգելում ազգերին միակողմանի անկախություն հռչակել, եւ հենց նույն այդ սկզբունքով Կոսովոն հռչակեց իր անկախությունը եւ ճանաչվեց զգալի թվով երկրների կողմից: Նույն սկզբունքով Ղրիմն իր անկախությունը հռչակեց, ապա միավորվեց Ռուսաստանի հետ:
Ես սկզբունքն ասացի, որ մենք կողմ ենք ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի բացարձակեցմանը: Այսինքն Հայաստանը պետք է այդ հարցը քննարկի եւ պատեհ առիթին, ճիշտ ժամանակին որոշում կայացնի: Համենայնդեպս, «Եվրանեսթի» բյուրոյի այդ հայտարարությունը Ալիեւ-Պուտին հայտարարության նախաշեմին անելը բավականաչափ ծանր վիճակի մեջ է դնում նաեւ Հայաստանին»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ադրբեջանցի պատգամավորներն, իհարկե, Հայաստանի հրավերքով չեն մասնակցում «Եվրանեսթի» նիստերին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքական ու հասարակական ուժերն իրավունք չունեն իրենց կարծիքն արտահայտել Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ․ նշեց Արթուր Խաչատրյանը:
Անդրադառնալով ադրբեջանցի պատգմավորների հայտարարությանը, թե Բաքվից դրական ազդակներ են բերել, նա արձագանքեց. «Դրական ազդակներով Նիկոլ Փաշինյանը, Էրդողանն ու Ալիեւը արդեն բավականաչափ ժամանակ իրար հետ փոխանակվում են: Այդ ազդակներն իմ միջով չեն անցնում, ես դրանք չեմ տեսնում, ես տեսնում եմ միայն թշնամանք, որը տեսանք «Շուշիի հռչակագիրը» վավերացնելով, նաեւ տեսնում եք՝ ինչ է կատարվում Հայաստանի սահմաններին ու Արցախում:
Մեր իշխանություններն ուղղակի վախեցան իրենց դիրքորոշումը հայտնել «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ»:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների տեսակետին, թե ընդամենը վավերացրել են այդ հռչակագիրը, Արթուր Խաչատրյանն ասաց. «Բա ուրիշ ի՞նչ պետք է անեին, պաչեին, դնեին ճակատների՞ն»:
Այս տարածաշրջանում անվտանգության հիմնական, միգուցե միակ սպառնալիքը Թուքիան ու Ադրբեջանն են․ նշեց Արթուր Խաչատրյանը:
«Եթե միջազգային հանրությունն իսկապես ուզում է, որ այս տարածաշրջանում տիրի երկարաժամկետ ու կայուն խաղաղություն, այն պետք է հիմնված լինի արդարության վրա, այլապես որեւէ խաղաղություն չի կարող լինել երկարաժամկետ։
Նա նկատեց, որ «Եվրանեսթի» պատվիրակներին այս իշխանությունները կարող էին տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, սակայն դա չեն արել։