Ռուբլու արժեզրկման պայմանները էլ ավելի են խորանալու, ինչը կարտացոլվի նաև Հայաստանի վրա
22 Փետրվար 2022
Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հրամանագրերը: Այս իրադարձության ֆոնին՝ կանխատեսումներ եղան, որ ռուսական ռուբլին կարժեզրկվի և Ռուսաստանը ծանր տնտեսական պայմաններում կհայտնվի։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ասաց, որ ժամանակակից աշխարհում ֆինանսական համակարգերը սերտաճել են և ռուսական ֆինանսական համակարգը մեծ կախվածություն ունի համաշխարհային ֆինանսական կենտրոնների հետ։
«Քաղաքական գործընթացները ուղղակիորեն ազդում են ֆինանսական շուկայում որոշումներ կայացնելիս։ Պատահական չէ, որ արդեն երեկ Մոսկվայի բաժնետոմսերի բորսայում կտրուկ անկում գրանցվեց. ռուսական ընկերությունների բաժնետոմսերը 10-15 %-ի չափով արժեզրկվեցին։ Սա խոսում է այն բանի մասին, որ ներդրողների համար ռուսական արժեթղթեր գնելը դարձել է ռիսկային։ Այսինքն՝ դրա հետևանքով գումարների հոսքը դեպի ռուսական ընկերություններ կրճատվելու է։ Սա էլ իր հերթին մեծ ազդեցություն է թողնելու ոչ միայն տնտեսական ակտիվության, այլև արտարժույթի շուկայի վրա. Երբ կրճատվում է արտարժույթի հոսքը դեպի Ռուսաստան՝ ռուբլու արժեզրկման պայմանները էլ ավելի են խորանում»,- ասաց տնտեսագետը։
Նա նշեց, որ ներկայում ռուսական տնտեսությունը կանգնած է լուրջ ռիսկերի առջև՝ պայմանավորված հնարավոր տնտեսական սանկցիաներով։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի ազդեցություն սա կթողնի Հայաստանի վրա՝ Պարսյանը նշեց. «Հաշվի առնելով, որ մենք Ռուսաստանից ստանում ենք 1 միլիարդից ավելի տրանսֆերտներ, մեր արտահանման հիմնական շուկան է, մեր հիմնական գործընկերն է, մեզ վրա միանշանակ արտացոլվելու է Ռուսաստանի տնտեսական ակտիվության նվազումը։ Եթե նկատի ունենանք այն, որ հնարավոր է նաև ռուսական ընկերությունների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառվի, դա կարող է արդեն ուղղակի ազդեցություն թողնել Հայաստանի վրա, քանի որ ռուսական մի շարք ընկերություններ Հայաստանում ունեն դուստր ընկերություններ։ Այդ դուստր ընկերություններն, ինքնըստինքյան, կհայտնվեն սանկցիաների տակ։ Հայաստանը, Հայաստանի կառավարությունը, Կենտրոնական բանկը պետք է պատրաստ լինեն հնարավոր զարգացումներին, որովհետև այս ամենը ուղղակիորեն կարող է ազդել մեր երկրի տնտեսության, ֆինանսական համակարգի և այլնի վրա»։
Տնտեսագետը նաև նշեց, որ հիմա մեր իշխանությունները ոչ թե պատրաստվում են հնարավոր ցնցումներին, այլ ուղղակի սպասում են։
«Սա ճիշտ մոտեցում չէ, սա համակարգված, խելացի կառավարման բացակայության մասին է խոսում»,- ասաց Պարսյանը։