Իրազեկման ակցիաներ` ապրիլի 5-ի հանրահավաքին ընդառաջ
03 Ապրիլ 2022
Այսօր, ապրիլի 3-ին Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղի ունեցան ապրիլի 5-ի հանրահավաքի իրազեկման ակցիաներ։
Քաղաքացիներին ընդդիմադիր երիտասարդներն ու պատգամավորները տեղեկացնում էին, որ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք։
Նրանք շրջում էին Երեւանի փողոցներով եւ բուկլետներ բաժանում` քաղաքացիներին կոչ անելով գալ Ազատության հրապարակ և մասնակցել հանրահավաքին:
«Հանրահավաքի օրակարգն է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի, որտեղ հնչեցվելու են մեր դիրքորոշումները մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու ուղղությամբ։ Այս օրերին այս հանրահավաքը մենք գտնում ենք խիստ կարևոր և անհրաժեշտ։ Հրավիրում ենք մեր քաղաքացիներին հանրահավաքի, որ իրենց ներկայությամբ «ոչ» ասել այս իշխանությունների պարտվողական քաղաքականությանը, որը մեր երկիրը տանում է դեպի կործանման և անդունդ»,-իրազեկման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իրազեկման ակցիայի նխատակն է քաղաքացնիերին իրազեկել ապրիլի 5-ին իրականացվող ակցիայի մասին, իրազեկելու Արցախի, Հայաստանի անվտանգային խնդիրների հարցով։ Այսպես մարդկային շփումով հնարավոր է շատ ավելի պարզ, հասկանալի բացատրել։ Մարդկանց մեջ վախ սերմանելով փորձում են ստեղծել մի տրամադրություն, որ այլ ելք չկա։ Փորձում ենք մարդկանց բացատրել, որ այս զիջողական քաղաքականությունն է հիմանական պատերազմի վտանգ։
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ վտանգված Արցախը վտանգված Հայաստանն է։ 3 տարի շարունակ մենք մեր հասարակությանը զգուշացնում էինք, որ Արցախի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է, զիջելով Արցախը մենք զիջում ենք Հայաստանը։ Արցախ-Հայաստան ամբողջական միասնական անվտանգային համակարգը խեղվեց։ Իշխող քաղաքական ուժը դավաճանեց մեր ազգային շահերին։ Մենք հանրությանը զգուշացնում էինք, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է Հայաստանը մեկուսացման։
https://youtu.be/sLI51j9E17Q