Էջմիածին քաղաքում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը
10 Ապրիլ 2022
Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ էջմիածնեցիները այսօր, ապրիլի 10-ին քաղաքի կենտրոնում տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը:
Միջոցառմանը ներկա էին Արցախի հերոս, գեներալ֊գնդապետ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Իր ելույթում Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր երկիրն այսօր չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակում է գտնվում եւ հայ ժողովուրդը իր պատմության մեջ շատ անգամներ է հայտնվել այսպիսի իրավիճակում:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ այսօր` 44-օրյա պատերազմից հետո, երբ հայ ժողովուրդը պարտություն կրեց, երբ գնահատական չի տրվել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Ադրբեջանի կողմից իրագործած հանցագործուններին գնահատական չտալով իշխանությունները կուրորեն գնում են խաղաղության պայմնաագրի ստորագրման, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, որը մեծ հարված կհասցնի Արցախի ինքնորոշման գաղափարին:
ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խոսքով՝ Արցախի դրոշը Էջմիածնում՝ սուրբ քաղաքում կանգնեցնելը մեծ խորհուրդ ունի:
Ըստ նրա՝ այն խորհրդանշում է համայն հայության համախմբումը՝ հավատի, արժանապատվության, հայրենիքի, Արցախի փրկության շուրջ։
«Մենք չենք կարող նահանջել, չենք կարող մեր ձեռք բերված հաջողությունն ու հաղթանակը օրվա այս կամ այն ուժի, ցանկություններով ստորադասել մեր հիմնական նպատակից։ Հայ ժողովուրդը կարող է եւ պետք է իր մեջ ուժ գտնի, վերականգնի իր ունակութունը, կարողությունը, համախմբի իր ուժերը եւ ներազգային համերաշխության ու միասնականության ֆոնին ձեւավորի դիմադրություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արծվիկ Մինասյանը։
https://youtu.be/-HZQjg96NGw