Գորիս, Վայք, Մարտունի, Սիսիան քաղաքներում տեղադրվել է Արցախի Հանրապետության դրոշը
13 Ապրիլ 2022
Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ ապրիլի 13-ին Գորիսի բնակիչները քաղաքում տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը։
Համազգային դիմադրության շարժման շրջանակներում իրականացվող միջոցառմանը բազմաթիվ գորսցիների հետ միասին ներկա էին նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, խմբակցության ղեկավար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և այլք:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս արարողությունը նախ և առաջ մեր ազգային ոգու վերածնունդն է։
«Բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ ոգուն, անելիք չունեն, նրանք, ովքեր կողմ են ազգային ոգու վերածննդին, ուրեմն պետք է կանգնած լինեն մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Սա նշանակում է լինել պահանջատերը մեր ազգային իրավունքի»,- նշեց նա։
Ա. Մինասյանի խոսքով, Արցախն այսօր վիրավոր է, մեր մայր հայրենքի մի կարևորագույն հատված թուրք-ադրեբաջնական դավադիր, ցեղասպան պատերազմի հետևանքով հայտնվել է ծանրագույն վիճակում։
Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ այսօր Վայքում եւս տեղադրվել է Արցախի դրոշը:
«Այսօր կանգնած ենք մի տարածաշրջանում՝ Վայոց Ձորում, որը ինչպես ՀՀ մյուս մարզերը կարողացել է իր ներդրումն ունենալ մեր սահմանների պաշտպանության հարցում։ Կամավորական ստորաբաժանումներով, մարտական թոհ ու բոհի մեջ անձնուրացությամբ կռվել են և կերտվել է ապագան»,- Վայքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ միայն 2020 թվականին արցախյան երկրորդ պատերազմում ունեցած պարտությունով չենք սահմանակվել, պարտությունների շարանը շարունակվում է։
Նրա խոսքով՝ այսօր ստեղծված իրավիճակն է նաև պատճառներից մեկը, որ հանրապետության տարբեր բնակավայրերում բարձրացնում են Արցախի դրոշն ՝ ի պաշտպանություն Արցախի։
«Իհարկե, միայն դրոշը չէ կարևորը, Արցախը մեր սրտերում է և այն մեր նորօրյա պատմության խորհուրդն է։ Յուրաքանչյուր հայի արյան մեջ է հոսում Արցախի նկատմամբ հարգանքն ու արժանապատվության վեհ զգացումը։ Բայց այսօր եկել է պահը, որ պաշտպանելով Արցախը , պաշտպանում ենք Հայաստանը։ Չկա հայկական լեռնաշխարհի որևիցե հատված,այդ թվում՝ Արցախի, որի պաշտպանությունից կախված չլինի ընդհանուր առմամբ հայ ժողովրդի ապագան ու զարգացումը»,- իր խոսքում նշել է Օհանյանը։
Այսօր, ապրիլի 13-ին ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական երիտասարդները Արցախի դրոշն են բարձրացրել նաեւ Մարտունի քաղաքում:
Նշենք, որ երեկ, ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների անդամների, ինչպես նաև՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ Արցախի դրոշ է բարձրացվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: