ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • ԱԺ ընտրություններ 2018

Մեկնարկեց ՀՅԴ քարոզարշավը

27 Նոյեմբեր 2018

Նոյեմբերի 26-ին, Երևանում՝ Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սկսեց իր նախընտրական քարոզարշավը՝ «Հավատարիմ հողին ու հային» կարգախոսի ներքո:

Դաշնակցության համամասնական և վարկանիշային ցուցակով թեկնածու առաջադրված Գեղամ Մանուկյանը ելույթում նշեց, որ քարոզարշավը սկսում են Արամ Մանուկյանի արձանի մոտից, որպեսզի առաջինը հաշվետու լինեն հենց նրան, ով կերտել է պետականություն` 100 տարի առաջ սկսելով իր պայքարը:

«Այսօր նույն գաղափարական հենքով ՀՅԴ-ն շարունակում է ասել` հավատարիմ է հողին ու հային, այն հողին, որի մի բեկորը 1915-ին Վանում պաշտպանում էր Արամ Մանուկյանը, այն հողին, որի մեկ ուրիշ բեկորը` արցախյանը, պաշտպանեցին ֆիդայիները, այն հողին, որի մեկ ուրիշ բեկորը անվանվում է Ջավախք: Մեր երազած հողը պետք է պաշտպանվի»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ այս ընտրություններն առանձնանում են մի կարևոր հանգամանքով, այն է` կա հույս, որ այս ընտրությունները կանցնեն արդարության պայմաններում` առանց փողի քսակների: Սակայն, Գեղամ Մանուկյանի խոսքով, այս ընտրություններն ունեն մի վտանգավոր հարց` արդյո՞ք կանցնեն ծրագրային, գաղափարական պայքարի հիման վրա:

«Կոչ ենք հղում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, վարչապետ Փաշինյանից սկսած` մինչև նոր ձևավորված կուսակցություններ, մտեք ընտրապայքարի մեջ` ներկայացնելու ծրագրերն ու գաղափարները, չբավարարվել` ժողովրդային շարժումը դրոշակ սարքելով, ինքնահավան, ինքնասիրահարված դմփ-դմփով առաջ գնալով: Դա կարող է հանգեցնել մի վտանգավոր գծի, որը կարմիր է կոչվում»,- ասաց Գեղամ Մանուկյանը` հավելելով. «Այսօր` քարոզարշավի հենց առաջին օրը, «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը իրեն թույլ է տվել ապրիլ-մայիսի ժողովրդական շարժումն ավելի վեր դասել, քան մի քանի տասնամյակ առաջվա հուժկու համաժողովրդական ազատագրական պայքարը, որը կոչվում է Արցախյան: Սասուն Միքայելյանը կա’մ չի հասկացել, թե ինչ է ասում, կա’մ էլ Արցախյան հերոսամարտը նսեմացնելու փորձ է անում: Իհարկե, նա կարող է արդարանալ, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին, բայց շատերն են մասնակցել` երկրապահների նախկին նախագահից սկսած, կամավորներով վերջացրած: Բայց այդ ոգին պահելն է կարևոր: Հույս ունենանք, որ Սասուն Միքայելյանը չի հասկացել, թե ինչ է ասել: Որովհետև սկզբունքներով ու գաղափարներով առաջ քայլելու ժամանակն է»:

Քարոզարշավի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Դիմելով հայրենակիցներին` նա ասաց. «Իսկապես` վայրը պարտադրող է: Դաշնակցության այս ընտրարշավը, որ սկսում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտից, բոլորիս պարտավորեցնում է ժողովրդի հետ խոսել անկեղծ և շիտակ, ներկայացնել մեր մտածումները, մեր գնահատականները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև մեր անելիքները:

Դաշնակցությունը գալիս է` մասնակցելու այս ընտրություններին, որովհետև անցումային շրջափուլում գտնվող Հայաստանն այսօր դիմակայում է լրջագույն վտանգների և մարտահրավերների: Գլխավոր վտանգը` նորը չդառնա լավ մոռացված հնի կրկնություն կամ նախկինի նորօրյա փաթեթավորում: Վտանգն իրական է, որովհետև բոլոր տեսակի իշխանությունների մոտ, իսկ ներկայիս իշխանությունները բացառություն չեն, գայթակղությունը միշտ մեծ է` իշխանության գալով ապրապնդել սեփական իշխանությունը` հին քաղաքական ու տնտեսական մենաշնորհները փոխարինելով նորերով: Դրա նշաններն արդեն կան:

Թեև հայտարարվում է, թե իբր կատարված են բոլոր խոստումները, սակայն դեռևս չի վերացվել նրանց իսկ կողմից քննադատված սուպերվարչապետական համակարգը: Ավելին` չկա երաշխիք, որ այն չի փոխարինվի սուպերնախագահականով:

Նույն դեմքերը մնում են, բայց հայտարարվում է, որ օլիգարխներն այլևս չկան, թերևս այն պատճառով, որ նրանք արդեն դարձել են յուրային:

Տնտեսական դաշտում նույն սուբյեկտները պահպանել են իրենց գերակա դիրքերը, բայց պարզվում է, որ մենաշնորհներ էլ այլևս չկան, թերևս այն պատճառով, որ նրանք պատրաստակամություն են դրսևորում սպասարկելու նոր իշխանավորներին:

Վերջապես, 90-ականներից տեսել ենք, թե ինչպես կարելի է, 80 տոկոսից ավելի ժողովրդի վստահությունը սեփական իշխանության ամպրապնդմանը ծառայեցնելով, շեղվել համազգային նպատակներից ու մսխել համազգային զարթոնքի հզոր ներուժը ու կանգնել Արցախի հաղթանակը կորցնելու վտանգի առաջ:

Մենք իրավունք չունենք նույն փորձությանը տանել մեր ժողովրդին: Դրա համար է Դաշնակցությունը գալիս` մասնակցելու այս ընտրություններին:

Գլխավոր մարտահրավերները` գիտակցված մերժումով անցնել զարգացման:

Այն, ինչ մինչև հիմա եղել է, ըստ էության, վարչախմբի փաստացի փոփոխություն է, բայց ոչ լիարժեք հեղափոխություն: Հեղափոխությունը դեռ առջևում է: Հեղափոխությունը իշխանության գալով չի սկսվում, այն սկսվում է իշխանության գալուց հետո: Հեղափոխությունը կլինի լիակատար, երբ դրական տեղաշարժերը կզգացվեն բոլորի կենցաղում, երբ ոչ մի չքավոր հայ չի մնա մեր երկում, երբ կադրերը կնշանակեն ոչ թե ԽԾԲ շրջանակից, այլ արժանիներից, վաստակ ու գործ անելու ընդունակ մարդկանցից: Երբ կունենանք իսկապես արդար Հայաստան:

Անցած ընտրություններին պատահական չէր, որ ՀՅԴ-ն մասնակցում էինք «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: Նոր սկիզբը դրվեց խորհրդարանական նոր համակարգով, և առաջին իսկ փորձությունը հաջողությամբ պսակվեց. խորհրդարանական համակարգի` ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո տեղի ունեցավ վարչապետի անարյուն փոփոխություն, որն իսկապես աննախադեպ էր մեր նորանկախ պատմության մեջ:

Մեզ մնում է, որ այս նոր սկիզբը տանի մեզ դեպի արդար Հայաստան:

Դրա համար է ՀՅԴ-ն մասնակցելու այս ընտրություններին: ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու է իր ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական ու հեղափոխական տեսակին ու առաքելությանը համապատասխան:

Հավատարիմ մեր մնայուն ու անսասան արժեքներին:

Հավատարիմ հողին ու հային»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ելույթում նշեց, որ սկիզբ են դնում քարոզարշավին՝ վստահությամբ, որ հաղթելու են: Իսկ իրենց կարգախոսը յուրաքանչյուր դաշնակցականի էությունն է:

«Մեր նպատակն է կառուցել ազատ քաղաքացու արդար և հզոր երկիր: Կառուցել ազատ, անկախ և միացյալ Հայաստան: ՀՅԴ-ն հանդես է գալիս ազգային արժեքների պահպանման, առանց զիջումների զարգացման, սոցիալական արդարության դիրքերից»,- շեշտեց նա՝ նշելով, որ առաջիկա ընտրությունները կանխորոշելու են երկրի զարգացման ապագան:

«Ընտրություններին մասնակցող ուժերը՝ հին և նոր, ձեր տեսադաշտում են: Համեմատեք և կտեսնեք, որ Դաշնակցությունը տարբերվում է բոլորից, քանի որ մեկ անձի կուսակցություն չենք, ունենք գաղափարական և ծրագրային սկզբունքներ: Մենք երբեք ամբոխավար չենք եղել և չենք լինելու, որովհետև չենք ասել մի բան և հետո՝ մեկ այլ: Մենք ինքնուրույն քաղաքական ուժ ենք»,- նշեց Համբարձումյանն՝ ակնարկելով, որ ներքին և արտաքին ուժերը փորձել են ազդեցություն բանեցնել Դաշնակցության վրա, բայց դա որևէ մեկին չի հաջողվել և չի հաջողվելու, որովհետև Դաշնակցությունն ունի մեկ տեր՝ հայությունը:

Ըստ նրա՝ որքան ուժեղ լինի Դաշնակցությունը, այնքան երկիրն արդար ու խաղաղ կլինի: «Պետք է զարգանանք` առանց զիջելու, սա պետք է դառնա գործ»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Ելույթով հանդես եկավ ՀՅԴ պատգամավորի թեկնածու նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը:

Նա նշեց, որ Դաշնակցությունը յուրօրինակ կուսակցություն է և էապես տարբերվում է Հայաստանում գործող մյուս քաղաքական կառույցներից` ոչ միայն նրանով, որ մասնաճյուղեր ունի Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, որ արդեն 128 տարի ժողովրդի հետ է, այլ նաև նրանով, որ կուսակցության սոցիալ-տնտեսական պատկերացումը, գաղափարախոսությունը ձախակողմյան է` սոցիալիստական:

«Մենք հավատում ենք, որ պետությունն էական դեր ունի կատարելու երկրի տնտեսական զարգացումն ապահովելու գործում: Մենք չենք հավատում, որ շուկայի անհատ ձեռքը կարող է կարգավորել շուկան, ստեղծել բարեկեցիկ, արդար հասարակություն, մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը կստանա իր արժանիքներին, ներդրմանը վայել: Մենք գտնում ենք, որ պետությունը չի կարող ձեռքերը ծալած նստել, որ պետությանն է վերապահված շատ կարևոր դեր, որպեսզի երկիրը զարգանա»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց նաև, որ Դաշնակցության համար երկրի զարգացումը նույնչափ կարևոր է, որքան սոցիալական արդարությունը: Խաչատրյանի խոսքով` սոցիալական արդարությունը կոչված է բաշխել սոցիալական այն արժեքը, որը ստեղծել են հասարակության անդամները:

Ըստ նրա` ժողովուրդը չի բողոքում միայն աղքատությունից, ծանր սոցիալական պայմաններից, այլ ժողովրդի հիմնական բողոքն անարդարությունից է: «Տասնյակ հազարավոր մարդիկ օրնիբուն աշխատում են, բայց գրոշներ են ստանում, իսկ օլիգարխները, որոնք կոչվում են սեփականատեր, գռփում են ազգային արժեքի զգալի մասը: Եվ այս սկզբունքային դիրքորոշումից է բխում մեր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Մենք պահանջում ենք առաջանցիկ զարգացում, ներառական աճ, սոցիալական արդարություն և կայուն զարգացում: Առաջանցիկ տնտեսական աճի մեջ էական դեր ենք վերագրում պետությանը. պետությունը պասիվ կարգավորումից պետք է ստանձնի տնտեսական զարգացման լոկոմոտիվի դերը, ակտիվորեն վերացնի շուկայի ձախողումները, ճգնաժամերը»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա` պետությունը պետք է կարողանա ստեղծել աշխատատեղեր պետություն-մասնավոր ընկերություններ, պետություն-մասնավոր հատված գործընկերության ֆորմատով: Եթե չի գալիս մասնավոր ընկերությունը, ապա, ըստ Խաչատրյանի, պետությունը պետք է լրացնի այդ բացն այն բնագավառներում, որտեղ մասնավորը վախենում է մտնել:

Բացի այդ` ՀՅԴ անդամը նշեց, որ պետության ստեղծած արժեքը պետք է արդար բաշխվի` մարդիկ աշխատում են, բայց չեն ստանում եկամտի իրենց բաժինը: «Տնտեսական աճի պտուղներն արդար չեն բաշխվում: Ունենք թոշակառուներ, գործազուրկներ, որոնք ստանում են գրոշներ, մարդիկ ամբողջ կյանքն աշխատում են, բայց նրանց կենսաթոշակները նույնիսկ աղքատ գոյությունը չեն երաշխավորում: Արդյո՞ք դա ենք մենք ուզում: Իհարկե` ոչ: Մենք խոսում ենք համերաշխ հասարակության մասին և պետք է մեր տնտեսական քաղաքականությամբ երաշխավորենք այդ համերաշխությունը: Այսօրվա հասարակությունը պետք է ստեղծի նաև գալիք սերունդների բարեկեցության հիմքերը, պետք է ճիշտ առողջապահական, կրթական քաղաքականություն վարենք: Այսօրվա սերունդը պատասխանատու է նաև գալիք սերունդների համար»,- հայտարարեց Խաչատրյանը:

Նրա խոսքով` կայուն զարգացումը բնապահպանական էական բաղադրիչ ունի. շատ հեշտ է այսօր քամել ընդերքը, կեղտոտել օդը, հողը, ջուրը և հանել ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն, ինչ-որ գրոշներ նետել պետությանը` եկամտահարկի կամ շահութահարկի տեսքով, բայց հիմնականում նաև օֆշորներում գրանցված ընկերությունները տանեն ամբողջ շահույթը: Խաչատրյանը նշեց, որ այսօրվա սերունդը չպետք է գալիք սերունդներին թողնի քամած երկիր: «Գալիք սերունդներին պետք է թողնենք այն և ավելին, ինչ այսօրվա սերունդն է ժառանգել մեր նախնիներից: Ցավոք, վերջին 30 տարիներին շեղվել ենք մեր նշած երեք սկզբունքներից` առաջանցիկ զարգացում, ներառական աճ, սոցիալական արդարություն և կայուն զարգացում: Բոլոր կառավարություններն աջակողմյան են եղել, և տնտեսական ձախողումները, որ ունենք, նաև դրանից է գալիս: Քվեարկե’ք Դաշնակցության օգտին, և մենք կշրջենք մեր տնտեսական քաղաքականության անիվը, առավել մեծ պատասխանատվություն կվերագրենք պետությանը, կհասնենք տնտեսական աճի ներառականությանը, սոցիալական արդարությանն ու կայուն զարգացմանը»,- խոսքն ամփոփեց Խաչատրյանը:

ՀՅԴ-ի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արմենուհի Կյուրեղյանն իր ելույթում անդրադարձավ Դաշնակության սոցիալական ծրագրերին: Ըստ նրա` ՀՅԴ-ն սոցիալական պետության առաջնային խնդիրներից մեկը համարում է յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի պահանջը: Բայց, Կյուրեղյանի խոսքով, ի՞նչ է մեզ առաջարկում այսօրվա կառավարությունը` կառավարությունն աշխատատեղերի ստեղծման փոխարեն վախեցնում է ժողովրդին աշխատատեղի կորստով, եթե իրեն քվե չտան:

«Ունենք առաջարկ` աշխատատեղերի, գործազրկության փոխարեն պետության կարգավորման դերի բարձրացում` աշխատատեղեր ստեղծելու համար: ՀՅԴ-ն համարում է, որ սոցիալական պետությունը պարտավոր է իր յուրաքանչյուր քաղաքացու համար ունենալ աշխատատեղերի ստեղծմանը նպաստող ծրագրեր: Ծրագրեր, որոնք երիտասարդներին կրթական համակարգից հետո աշխատատեղերով ապահովելու հնարավորություն կտան, ծրագրեր, որոնք միտված կլինեն հաշմանդամություն ունեցողներին քվոտավորմամբ աշխատատեղերով ապահովելուն, ծրագրեր, որոնք միտված կլինեն ժողովրդագրության հիմնական խնդիրները լուծելուն, հաջորդ երեխայի ծնունդը խթանող միջոցառումներ իրականացնելուն, ներգաղթը խթանելուն և արտագաղթը կանխելուն, կենսաթոշակի և նպաստի բարձրացում ապահովելուն»,- ասաց Կյուրեղյանը:

Նրա խոսքով` այդ ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ է ժողովրդի քվեն ու վստահությունը:

Կյուրեղյանը նշեց, որ իրենք միշտ խոսել են կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին և, ունենալով քիչ մանդատներ ԱԺ-ում և մի քանի պորտֆելներ կառավարությունում, կարողացան հասնել այդ համակարգի փոփոխությանը:

«Ունենալով ավելի շատ քվեներ` մենք հաստատ կարողանալու ենք երկրում իրականացնել սոցիալական արդարություն, նպաստել սոցիալական պետության կայացմանը: Վստահեք ՀՅԴ-ին, այն կուսակցությանը, որը երբեք չի ասել մի բան և արել այլ բան, միշտ հետևողական է առաջ քայլել` իր ծրագրերն իրականացնելու համար: Նայեք մեր ցուցակներին և համեմատեք այլ ցուցակների կազմի հետ: Մենք ունենք կուսակցություն, որն իր ցուցակում ներառել է կառավարության բոլոր անդամներին, քանի որ այլ անձինք չունի: Նայեք նրանց ցուցակին և կտեսնեք, որ այդ նույն անկարող թիմը, որն այսօր ոչինչ չի կարողանում անել և քարոզարշավին իր ծրագրերով դուրս գալու փոխարեն դուրս է եկել սև ու սպիտակի պայքարի, քանի որ առաջակելու ոչինչ չունի»,- ասաց Կյուրեղյանը` հավելելով, որ Դաշնակցությունն առաջարկում է կոնկրետ ծրագրեր ու կոնկրետ լուծումներ և այդ ամենն իրականացնող հզոր թիմ:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկած քարոզարշավի ժամանակ հավաքվածներին ասաց, թե ինչու պիտի ընտրեն Դաշնակցությանը: Առաջին՝ Դաշնակցությունն ունի հստակ ծրագիր՝ սոցիալ-տնտեսականից մինչև ազգի պահպանում, որը հիմնված է հստակ արժեհամակարգի վրա:

«Ցույց տվեք գոնե 2 կուսակցություն, որ բավարարում են այս չափանիշին: Չեք գտնի, իզուր մի’ փնտրեք: Կուսակցությունները ստեղծվել են անձի շուրջ և չեն տեսնում ՀՀ-ի զարգացման ապագան: Երկրորդ՝ ՀՅԴ-ն անձի շուրջ հավաքված կուսակցություն չէ, այլ գաղափարի շուրջ է հավաքված և պատասխանատվություն կրող է: Եվ երրորդ՝ Դաշնակցությունը ժողովրդի ծոցից, ազգի տառապանքից դուրս եկած կուսակցություն է: Այն ժողովրդի կուսակցությունն է, այլասերվածության և հայ ավանդական ընտանիքը քանդող երևույթների դեմ պայքարող կուսակցություն: Եվ վերջապես՝ Դաշնակցությունը յուրաքանչյուր հայն է: Վստահությունը Դաշնակցության նկատմամբ վստահություն է մեր հզոր երկրի, արժանապատիվ հայի նկատմամբ»,- ասաց Մինասյանը:

Նա շեշտեց, որ բաց տեքստով ասելու են, թե ինչ են արել երկրում արյունահեղությունները կանխելու համար՝ 90-ականներից մինչև վերջին օրերը: «Մենք բաց տեսքով կասենք, թե ինչ է արել Դաշնակցությունը, որ հայը հայի դեմ դուրս չգա, որ նոր Մարտի 1 չլինի»,- նշեց ՀՅԴ անդամը:

Հավաքի ավարտին, Դաշնակցության երիտասարդ անդամները ջահերով իրականացրեցին ֆլեշմոբ՝ պատկերելով ՀՅԴ սկբնատառերը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company