Դաշնակցությունը առաջնային է համարում եկամուտների արդար բաշխումը
29 Նոյեմբեր 2018
Դաշնակցությունն արտահերթ ընտրություններին տարբերվելու է սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ: Այս մասին «Տնտեսական քաղաքականություն և կոռուպցիայի դեմ պայքար. ընտրապայքարին մասնակցող ուժերի ծրագրային մոտեցումները» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ անդամ Սուրեն Պարսյանը՝ նկատելով, որ ընտրաշրջանում շատերը տնտեսական քաղաքականության առումով «դառնում են» սոցիալիստ:
«Դաշնակցության տարբերությունը կայանում է նրանում, որ առաջնային է համարում եկամուտների արդար բաշխումը, ինչպես նաև անվճար կրթությունը, կան հաշվարկներ, թե որքան գումար է անհրաժեշտ, դա մեծ գումարների մասին չի խոսքը, կարևորում ենք նաև անվճար բուժօգնությունը: Եթե այս խնդիրներն չլուծենք, ապագայում կայուն աճ չենք ունենա»,-նշեց նա:
Անդրադառնալով հարկային քաղաքականությանը, Պարսյանը նկատեց, որ աշխարհում ընդունված է, որ նվազագույն աշխատավարձը չպետք է հարկել, բայց ՀՀ-ում որոշել են հենց առաջին դրամից հարկել բոլոր եկամուտները:
ՀՅԴ ներկայացուցիչը անդրադարձավ նաև կուտակային կենսաթոշակային համակարգին` հիշեցնելով, որ «Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում ժամանակին խոստանում էր չեղարկել այս համակարգը, բայց այնուհետ տեղի ունեցավ վերանայում, որը ոչինչ չփոխեց և մնացին նույն ռիսկերը: «Պետությունը չի երաշխավորում, որ մենք այդ գումարները ստանալու ենք ամբողջ ծավալով: Բացի այդ, պետական միջոցներից 56 մլրդ դրամ ուղղվում է ֆոնդերի կառավարիչներին, որոնցից հետո պետությունը պարտքով գումար է վերցնում պարտատոմսերով»,-շեշտեց նա:
yerkir.am