«Դիմադրության» շարժման երթը դեպի Եվրամիության գրասենյակ
07 Հունիս 2022
Ֆրանսիայի հրապարակից այսօր, հունիսի 7-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման երթը։
Երթի կանգառը Եվրամիության գրասենյակն էր, որտեղ փաստերով ներկայացվելու էին այն բոլոր բռնությունները, որոնք այս օրերին տեղի են ունեցել։
Շարժման մասնակիցները ԵՄ դեսպանից պահանջում են պատշաճ գնահատական տալ ոստիկանության ապօրինություններին և բռնություններին:
Նրանց ձեռքին կային անգլերեն գրություններով պաստառներ՝ «Բացե՛ք ձեր աչքերը», «Դատապարտեք բռնությունը»։
«Դիմադրություն» շարժման երթը մոտեցավ Եվրամիության գրասենյակին։
Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճան, հեռացի՛ր» վանկարկեցին քաղաքացիները։
ԵՄ գրասենյակի շենքի դիմաց կենտրոնացած էին ոստիկանական ուժեր։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ընթերցեց գրությունը, որը պետք է փոխանցվեր ԵՄ դեսպանին․
«Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են․ հուլիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ, այն է՝ «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, չնայած որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ և ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ պարտավոր էին օժանդակել խաղաղ հավաքի անցկացմանը։
Լուսաձայնային նռնակների կիրառումը իրականացվել է առանց նախնական զգուշացման, որի հետևանքով խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանակներում, այդ թվում՝ կանանց ու տարեցների մոտ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներ»։
Գրության մեջ նաև նշվում էր, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման հետևանքով, իսկ որոշ տեղեկություններով՝ կիրառված լուսաձայնային նռնակները եղել են ժամկետանց։
Ոստիկանության մի շարք ծառայողներ օրենքի կոպիտ խախտմամբ տարբերանշաններ չեն կրել։
Բիրտ և անհամաչափ ուժ է կիրառվել նաև ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ։
«Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածում, իսկ հիմա լուռ է եւ այդ լռությամբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները»,-ասաց նա:
Արամ Վարդևանյանն ասաց՝ գրությունը կփոխանցվի ակնկալիքով, որ ԵՄ դեսպանի կողմից կլինի պատշաճ արձագանք։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը իր խոսքում ընդգծեց, որ այս շենքում նստած դեսպանն առիթը բաց չէր թողնում, երբ հնարավորություն էր ունենում քաղաքական հայտարարություններ էր անում, կոնկրետ կողմ էր բռնում, իսկ ընդամենը մի քանի օր առաջ այստեղ տեղի ունեցած վայրագությունների հետ կապված մի ծպտուն անգամ չի հանում, կույր և լուռ է ձևանում։
«Բայց իրականում մենք այստեղ ենք, որ ասենք դեսպանին՝ դուք Հայաստանում պետք է կողմնորոշվեք՝ ի վերջո սատարում եք եվրոպական արժեքնե՞րը. Ժողովորդավարությո՞ւնը, օրենքի գերակայությո՞ւնը, թե՞ Նիկոլին ու և իր աթոռը, ժամանակն է, որ դուք կողմնորոշվեք, որպեսզի հայ հասարակությունն էլ հասկանա, թե դուք այստեղ ինչ ֆունկցիա եք կատարում»,- ասաց նա։
ՀՅԴ անդամ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Քրիստինե Վարդանյանը անդրադառնալով ոստիկանության գործողություններին ասաց․ «Ոստիկանության արձագանքից մենք տեսնում ենք ՔՊ ժողովների ներքին քննարկումները։ Այստեղ Ոստիկանության հարցը չէ, այս պայքարը հակաոստիկանական չէ, նպատակը Ոստիկանության բարեփոխումները չեն՝ Ոստիկանությունն էլ չի իրականացնում իր ֆունկցիան և չի ենթարկվում ոստիկանապետի որոշումներին՝ ուղիղ հրահարնգ է իջնում իշխանական խմբակից։ Մարդիկ իշխանությունը պահելու համար տվել են հայրենիքը անգամ ու հիմա այդ մարդիկ, ովքեր սեփական կոշիկը կպաշտպանեն, բայց հայրենիքը կտան, կանգնած են այդ իշխանությունը կորցնելու վտանգի առջև, ուրեմն ինչպես կգործեն այդ մարդիկ․ իհարկե, հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով փորձելու են կառչած մնալ աթոռին, որ աշխարհում իրենց ունեցած ամենաթանկ բանն է»։
Շարժման մասնակիցները ի նշան ոստիկանների ապօրինությունների՝ հունիսի 3-ին իրենց կորցրած կոշիկները թողեցին ԵՄ դեսպանատան դիմաց:
Նշենք, որ այսօր օրվա ընթացքում տեղի կունենան անհնազանդության ակցիաներ։
https://youtu.be/WATvxdfOqUM