«Դիմադրության» շարժման երթը դեպի ԱԳ նախարարության շենք
09 Հունիս 2022
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ հունիսի 9-ին անհնազանդության ակցիա են իրականացրել Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, ապա երթ մեկնարկել դեպի ԱԳ նախարարության շենք:
Երթի մասնակիցների ձեռքին կային «Նիկոլը մեզ չի´ ներկայացնում», «Արցախը պետք է մնա հայկական», «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», «Նոր կապիտուլյացիա չի լինելու» եւ այլ գրություններով պաստառներ։
«Դիմադրություն» շարժման երթը մոտեցավ ԱԳ նախարարության շենքին, որտեղ նախատեսված էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը, ապա նաև համատեղ ասուլիսը։
Նախարարության շենքի մոտ մեծաքանակ ոստիկաններ էին բերվել, որոնք փակել էին շենքի մուտքը։
Հստակ թող բոլորը իմանան՝ այդ կապիտուլյանտ հողատուի հետ ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է․ ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք գտնվում ենք ԱԳՆ դիմաց, քիչ հետո շենք է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը․ նախ՝ ասում ենք բարով եք եկել մեր երկիր, բայց մենք այստեղ ենք շատ հստակ մեր ուղերձը փոխանցելու, որ այն մարդկանց հետ, ովքեր ներկայանում են ՀՀ իշխանությունը, դուք բանակցություններ եք վարում, իրենք կապ չունեն հայ ժողովրդի կամքի և դիրքորոշման հետ, իրենց հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև իրենք չունեն մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու: Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակն ուղերձները հասցնելն է, ասել, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին»»,-ասաց նա։
«Արցախ, Արցախ», «Առանց Նիկոլ Հայաստան»՝ վանկարկեցին ցուցարարները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ռուսերենով դիմեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին․
«Հարգելի Սերգեյ Վիկտորի, հայ ժողովուրդը ողջունում է Ձեր այցը Հայաստան, բարի գալուստ Երևան։ Սակայն մենք պետք է այսօր արձանագրենք, որ այն մարդկանց խումբը, որն այսօր գտնվում է իշխանության ղեկին, միայն ձևականորեն է հանդիսանում իշխանություն, նրանք այլևս չեն ներկայացնում հայ ժողովրդի ու Արցախի հանրապետության ժողովրդի շահերը»,-այս մասին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ակցիայի ժամանակ ասաց :
«Ռուսաստանի դաշնությունը եղել և և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի գործընկերը, եղբայրական երկիրը, բայց միաժամանակ մենք բոլորս գիտենք, որ վերջին 4 տարվա ընթացքում այս մարդկանց խումբն արել է հնարավոր ամեն բան, որպեսզի վտանգի հայ-ռուսական հարաբերությունը,և սա փաստ է։ Մենք, սակայն, վստահ ենք , որ մոտ ժամանակներս, երբ դե յուրե այդ խմբավորումն այլևս չլինի իշխանություն այդ վտանգները կչեզոքացվեն և Հայաստանը կլինի ուժեղ երկիր , Արցախի ու արցախցի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության իրական երաշխավորը: Կրկին արձանագրենք , որ սույն խմբավորման անդամները, որոնք այս պահին գտնվում են ԱԳՆ շենքում, ներկայացնում են բացառապես իրենց իսկ շահերը, ոչ թե՝ հայ ժողովրդի։ Նույնիսկ, եթե նրանք խոստանան ստորագրել բազմատեսակ փաստաթղթեր, դրանք իրավաբանական որևէ ուժ չեն ունենա։ Մեկ անգամ ևս ողջունում ենք պարոն Լավրովին ու ասում՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։
Այս հողատու կապիտուլյանտի հետ ցանկացած բանակցություն ու պայմանավորվածություն առոչինչ է։ Մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք օրակարգ, ունենք բազմաթիվ հարցեր, որոնք միասին պետք է քննարկենք և լուծում տանք, բայց դա պետք է լինի առանց Նիկոլի։ Նիկոլը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և դիրքորոշումը, նա կապ չունի մեզ համար կենսական անհրաժեշտության առաջնահերթ խնդիրների և սկզբունքների հետ, ինքը դավաճան է և չունի մանդատ ժողովրդի կողմի», – հայտարարեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանն ասաց, որ իրենց խոսքը հայտարարությունների միջոցով փոխանցեցին Լավրովին, հետևաբար, նպատակահարմար չեն գտնում շարունակել մնալ ԱԳՆ շենքի մոտ։
«Շարժվում ենք Ֆրանսիայի հրապարակ, որտեղ 19։30-ին ունենք կարևոր հանրահավաք», – ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ նախքան երթը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել էր ժողովրդին․
«Սիրելի հայրենակիցներ,
այս պահին երթով շարժվում ենք դեպի ԱԳՆ, որտեղ քիչ անց պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Գնում ենք հստակ ասելու, որ դավաճանների այս իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Գնում ենք բարձրաձայնելու հայ ժողովրդի իրական օրակարգը։
Սիրելի հայրենակիցներ,
միացեք փողոցում պայքարող ձեր քույրերին ու եղբայրներին։ Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ»,-նշել է նա:
https://youtu.be/Ab5bSkPAlPI