«Դիմադրություն» շարժման համապետական հանրահավաքը եւ քայլերթը
18 Հունիս 2022
Այսօր, հունիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման համապետական բազմամարդ հանրահավաքը:
Ելույթներ ունեցան ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Թադևոս Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդեւանյանը, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Ընդդիմադիր գործիչներն իրենց խոսքում հիմնավորեցին այս իշխանությունների հրաժարականի հրամայականը, ներկայացրեցին նոր տիպի պետության կառուցման իրենց տեսլականը: Նրանք նշեցին այն առաջնահերթությունները և անելիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
«ԶՈՒ բարեփոխումների հիմքում մարդն է՝ զինծառայողը, ով պետք է ստանա անհրաժեշտ մասնագիտություն, կրթություն, իսկ զուգահեռ ապահովված լինի սոցիալ-կենցաղային բոլոր հնարավորություններով: Մեր գերնպատակը պետք է լինի եղած սահմանափակ ռեսուրսների պայմաններում առավելագույն արդյունք ունենալը: Առանց այս իշխանության հեռացման որևէ ռեֆորմ չի լինելու»,- իր ելույթում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Թադեւոս Ավետիսյանը իր խոսքւմ վստահություն հայտնեց՝ Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։
«Պետության դերն ու մասնակցությունն այս հարցում պետք է դառնան առանցքային, գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու»,- ասաց նա:
«Հայասատանը կրկին ունենալու է արտաքին քաղաքականություն, ինչը վերջին չորս տարիներին չի ունեցել»,- իր ելույթում հայտարարեց ՀՀԿ Արտակ Զաքարյանը։
Նա ընդգծեց, որ ճշգրիտ, հավասարակշռված, նպատակային արտաքին քաղաքականությունը մեր անվտանգության, հաստատուն խաղաղության, մեր կայունության, բարօրության, անկախության, ազգային արժանապատվության և մեր ժողովրդի բոլոր իրավունքների իրացման գլխավոր երաշխավորն է։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժման գլխավոր նպատակն ուժեղ Հայաստան ունենալն է։
«Դրան հասնելու համար կա անհրաժեշտ պայման՝ հեռացնել Նիկոլին, քանի որ նրանով ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան հնարավոր չէ։ «Դիմադրություն» շարժման առաքելությունը Նիկոլին հեռացնելով չի ավարտվելու։ Նրան հեռացնելուց հետո շարժման գաղափարները և նպատակը պետք է դառնա պետության գործառույթը, այսինքն` հաջորդ իշխանությունը պետք է կարողանա դիմադրել և հաղթահարել այն բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որ ծառացել են մեր երկրի առջև։ Դրա համար պետք է կառուցել նոր որակի պետություն՝ արդյունավետ կառավարմամբ, ուժեղ տնտեսությամբ և հզոր բանակով։ Մենք դա կարող ենք և անելու ենք միասին»,-ասաց նա։
Այնուհետեւ նա հանրհավաքի մասնակիցներին հրավիրեց երթի:
«Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Միություն, Պայքար, Հաղթանակ»՝ վանկարկում էին երթի մասնակիցները, հնչում էին հայրենասիրական երգեր:
Դիմադրության երթի մասնակիցները կանգ առան ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
Մենք գտնվում ենք ըստ թղթերի՝ Հանրապետության նախագահի շենքի դիմաց: Այս շենքում, ցավոք, ՀՀ նախագահի նստավայրը չէ, այլ ՔՊ-ի նախագահի, որովհետև այստեղ պաշտոնավարում է մի մարդ, որը նույն Հայաստանի, Արցախի շահերից հրաժարվում է: Ամոթ. հայտարարեց Արամ Վարդևանյանը:
Երթը կանգ առավ նաեւ Դեմիրճյան Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ Փաշինյանի կառավարական առանձնատան մոտ: Երթի մասնակիցների անունից ելույթ ունենալով՝ շարժման ներկայացուցիչ Հայկ Դերձյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո նրա կառավարական տունը վերածելու ենք մեր զինվորների բուժման հարթակի, կառավարական տունը պետք է ծառայի ժողովրդին»:
Քայլերթը հասավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաքը շարունակվեց:
Ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Այսօր մեկ անգամ ևս դուք վերջ դրեցիք այն բոլոր խոսակցություններին, որ շարժումը կարող է հետքայլ ունենալ, մարդիկ կարող են հոգնել։ Վճռական, հաշվարկված քայլերով այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտին, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, դավաճանները հեռացվելու են և վերջ», – ասաց նա։
Ներկայացնելով անցնող շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները՝ նա նշեց, որ ստեղծել են անվտագության ու պաշտպանության կոմիտեներ, սոցիալ-տնտեսական, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների, քաղաքական հանձնախմբեր։
Իշխան Սաղաթելյանի խոսքով, երկուշաբթի օրվանից կսկսեն մարզերում «Դիմադրության» օջախների ստեղծման աշխատանքները։
Նաեւ հայտնեց, որ յուրաքանչյուր չորեքշաբթի օրը 19:30-ին, Ֆրանասիայի հրապարակում շարժման պատասխանատուները կհանդիպեն քաղաքացիների հետ` նրանց կարծիքները, առաջարկները լսելու համար:
Եկող շաբաթ ակցիաները եւ գործողությունները կշարունակվեն, հաջորդ հանրահավաաքը տեղի կունենա հունիսի 24-ին, 19:30-ին Ֆրանսիայի հրապարակում:
«Միություն, Պայքար, Հաղթանակ»՝ վանկարկեցին մասնակիցները:
https://youtu.be/U_3Azop3YN8