ԼՂ հակամարտությունը լուծված չէ. Վահրամ Բալայան
26 Հունիս 2022
Հունիսի 24-ին Բաքվում մեկնարկել էր Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Չնայած Վաշինգտոնից հնչող պնդումներին, թե Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ռուսաստանի արտգործնախարարը երեկ Բաքվում կրկին պնդել է՝ բանակցային այդ ձևաչափն այլևս գոյություն չունի։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կողմից օգտագործվեց նաև «հետկոնֆլիկտային» իրավիճակ եզրույթը։ Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի խոսքով՝ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները մշտապես բարձրաձայնել են, որ հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտություն ունի և, կարծում եմ, որ Լավրովի ասած այդ միտքը կարելի է հենց այդ համատեքստում դիտարկել։ Այս մասին «Artsakh speaks» լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց Վ.Բալայանը։
«Ռուսաստանի արտգործնախարարի կողմից բազմիցս շեշտվել է ոչ միայն Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, այլև ընդհանրապես տարբեր ձևաչափերով, որ կա հակամարտություն և այդ հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտություն։ Եղել է պատերազմ․ պատերազմը ավարտվել է, բայց հակամարտությունը չի կարգավորվել և երկարատև խաղաղություն ապահովելու առումով անհրաժեշտություն կա, որպեսզի հակամարտությունը վերջնականապես կարգավորվի», — նշեց Վ.Բալայանը։
Մինչ այդ Ադրբեջանի նախագահը Լավրովի հետ հանդիպմանը մեղադրում է, որ հայկական կողմը ձգձգում է խաղաղության օրակարգն ու չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ավելի վաղ Երևանը հայտարարել էր, թե առաջարկել է Բաքվին տարածքային ամբողջականության ճանաչմանը զուգահեռ նաև Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների, անվտանգության ու կարգավիճակի հարցը քննարկել։
Վահրամ Բալայանի կարծիքով, Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականություն հասկացողությունը, որևէ առնչություն չունի մեր անկախության և պետականության հետ, որովհետև մշտապես՝ մինչև Խորհրդային հատվածը ունեցել ենք պետականություն, Խորհրդային ժամանակահատվածում մենք ինքնավար կարգավիճակ ենք ունեցել։
«Եթե միջազգային հանրության կողմից Ադրբեջանի տարածք է դիտարկվում օրինակ Ակնան կամ Կովսականը, ապա չեմ կարծում, որ խոսքը վերաբերում է նաև ԼՂ ինքնավար մարզի տարածքներին, որովհետև ըստ էության ԼՂ ինքնավար մարզը տարածքային տեսանկյունից եղել է Խորհրդային Միության կազմում, ինչպես Ադրբեջանն է եղել Խորհրդային Միության կազմում։ Այսինքն, վարչատարածքային միավորներ են եղել, որոնք միջազգային իրավունքի սուբյեկտ չեն եղել, պարզապես որոշ հարցեր, մանավանդ տնտեսական բնույթի, կառավարվել է Ադրբեջանի կողմից։ Այնպես որ այս տեսանկյունից Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականություն հասկացողությունը, որևէ առնչություն չունի մեր անկախության և պետականության հետ, որովհետև մշտապես թե մինչև Խորհրդային հատվածը ունեցել ենք պետականություն, թե Խորհրդային ժամանակահատվածում մենք ինքնավար կարգավիճակ ենք ունեցել, ինչպիսի կարգավիճակ մի փոքր ավելի բարձր ունեցել է Ադրբեջանը Խորհրդային Միության կազմում», — հավելեց զրուցակիցս։
Մեր վերջին հարցին ի պատասխան՝ արդյո՞ք լինելու է Արցախի ԱԺ կողմից հայտարարություն Լավրով-Բայրամով հանդիպման հետ կապված, ԱԺ պատգամավորը հավելեց, որ այդ հարցը դեռ պետք է քննարկենք: