«Դիմադրություն» շարժումը չի պարտվելու, չի նահանջելու. Իշխան Սաղաթելյան
30 Հունիս 2022
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը yerkirmedia.am-ի հետ զրույցում անդրադարձել է լրագրողների հետ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցին և «Դիմադրություն» շարժման հետագա անելիքներին։
«Շարժումը նոր թափ է ստանալու։ Կգա ժամանակը, կտեսնեք։ Ոչ թե պետք է մարդկանց ամեն օր ասենք՝ այս ամենը շարունակվում է, այլ պարտավոր ենք իրոք գիշեր-ցերեկ աշխատել և աշխատանքով ցույց տալ արդյունքը»,- ասել է նա։
Գլխավոր խնդիրը, նրա խոսքով, ոչ թե ժամանակավոր հաջողությունն է, այլ շարժման վերջնական արդյունքը։
«Մենք ընթացքում ընդունել ենք ցավոտ որոշումներ, որոնք, հնարավոր է, շատ մարդկանց համար այդ պահին հասկանալի չեն եղել, որովհետև շատ փակագծեր հնարավոր չի լինում մինչև վերջ բացել, բայց մենք պատասխանատու ենք շարժման հաջողության ու վերջնարդյունքի համար»,- ընդգծել է Սաղաթելյանը։
«Հասնելու ենք այս իշխանությունների հեռացմանը, որովհետև այլ տարբերակ չունենք։ Հիմա ամառ է։ Թող մի քիչ ասեն, խոսեն, ծափ տան, ուրախանան, իրար ոգևորեն»,- ասել է նա՝ հավելելով, որ պայքարը նոր թափով շարունակվելու է։
Իշխան Սաղաթելյանը նշել է նաև՝ իշխանությունների պահվածքն ունի մեկ հասցեատեր, և այդ հասցեատերը հենց իրենք են։
«Իրենք իրար են հույս տալիս, որ լավ է լինելու։ Երբ տեսնում եք Նիկոլին, Ալենին, մյուսին, որ մեծ-մեծ խոսում են, էդ խոսելու ընթացքում իրենք անընդհատ մտածում են՝ լավ, էս ամեն ինչի տակից ո՞նց ենք դուրս գալու։ Ես ձեզ վստահ եմ ասում։ Բայց քանի որ ունեն թիմ, ունեն ոստիկանություն, որին պետք է «դուխ» տան, ունեն ԱԱԾ, դատախազություն, քննչական ստրուկ մարմիններ, որոնք ծառայում են այս դավաճաններին, նրանց պետք է անընդհատ ցույց տան, թե «տեսեք-տեսեք, մեր դեմ խաղ չկա, մեր իշխանությունը ժամանակավոր չէ, իսկ ընդդիմությունն ու շարժումը պարտվել են»։ Նրանց ամբողջ պահվածքը այս տեսանկյունից է»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ իշխանություններն էլ լավ գիտեն, որ շարժումը չի մարելու, իսկ իրենք պատասխանատվության են ենթարկվելու։
Մանրամասները՝ տեսանյութում