Կան պայմանավորվածություններ, որոնց մասին մենք պարզապես դեպքերը տեղի ունենալուց հետո ենք իմանում
01 Հուլիս 2022
Lragir.am-ի զրուցակիցն Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը
-Պարոն Բալայան, հայտնի դարձավ, որ նոր ճանապարհի կառուցումից հետո Բերձոր և Աղավնո համայնքներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը, ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։
-Ինչ վերաբերում է այդ երկու համայնքները հանձնելուն, իհարկե, դա հերթական խայտառակությունն է։ Եվ կարծում եմ, որ պետք է այդ քայլին չգնալ, որովհետև վերջիվերջո այնտեղ մարդիկ են ապրում, պատերազմից հետո հերթական բռնագաղթը կլինի։ Ես նկատի ունեմ նաև Փառուխի դեպքերը, և այս պահին էլ փաստորեն այս համայնքներում է բռնագաղթի վտանգն առկա։ Պետք է պայքարել, ձգտել, որպեսզի դա տեղի չունենա։
-Ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում դա թույլ չտալու համար։
-Քանի որ մեզ հետ նման հարցեր չեն քննարկվում, մենք գրեթե լծակներ չունենք այս կամ այն հարցի լուծման տեսանկյունից։ Կան պայմանավորվածություններ, որոնց մասին մենք պարզապես դեպքերը տեղի ունենալուց հետո ենք իմանում կամ ընդամենը լսում ենք։ Մենք չգիտենք՝ ինչ պայմանավորվածություններ կան, բանավոր են դրանք, թե գրավոր։ Մեր գործիքակազմն ընդամենը Ազգային ժողովի ամբիոնն է։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի իշխանությունների հետ այս հարցը քննարկվել է, ավելին, որոշվել է, որ Աղավնո համայնքի բնակչության վերաբնակեցման հարցը կլուծի Արցախի իշխանությունը։
-Եթե ինչ-որ մեկի հետ քննարկվել է, մենք տեղյակ չենք։ Կոնկրետ ես կարող եմ փաստել, որ Ազգային ժողովի մեր խմբակցությունը նման ինֆորմացիա չի ստացել։
Հղում է արվում նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որ ըստ այդմ՝ նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս գտնվող համայնքները պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողությանը։
Հղում է արվում այն դրույթին, որ իբր պայմանավորվածություն կա, որ երեք տարվա ընթացքում պետք է նոր ճանապարհ նախագծվեր։ Բայց խնդիրն այն է, որ մեծ հաշվով այդ հատվածում նոր ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն էլ չկար։ Այսինքն՝ եթե մյուս հատվածներում կան տարածքներ, որտեղ կամա թե ակամա շփումներ են լինում, օրինակ, Շուշիի հատվածում, բայց կոնկրետ Բերձորի միջանցքով մարդիկ հանգիստ գնում-գալիս էին, խնդիր չկար։
-Նպատակը հետագայում Հայաստան-Արցախ կապը կտրե՞լն է։
-Դա Հայաստանի հետ կապող ռազմավարական նշանակության հատված է, և ձգտում են ձեռք գցել։ Հիմա դժվար է վստահ ասել՝ հնարավոր է ճանապարհը հետագայում փակվի, թե չփակվի, որովհետև այսօր, ցավոք սրտի, հարցերը ոչ թե լուծվում են բանակցությունների միջոցով, այլ ուժի դիրքերից։ Եվ շատ դժվար է կանխատեսումներ անել, բայց որ վտանգ կա, դա միանշանակ է։ Այսինքն՝ ունենք հետևյալ իրավիճակը՝ ճիշտ է, նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը կա, բայց խաղաղություն չկա ցավոք սրտի։ Եվ անընդհատ ընդհարումներ են լինում, մշտապես լարվածությունը կա։
-Եվ ստացվում է, որ միայն հայկական կողմի համա՞ր է դրված այդ փաստաթղթի կատարման պարտադիր պահանջը։
-Ցավոք սրտի, այդպես է ստացվում։ Օրինակ՝ այդ փաստաթղթում նշված է, որ կողմերի համաձայնությամբ պետք է նախագծվեր նոր ճանապարհը։ Եթե ասում են՝ կողմեր, ես պատկերացնում եմ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, բայց մենք անգամ չգիտենք նման համաձայնություններ ու պայմանավորվածություններ կա՞ն, թե ոչ։