ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը
15 Հուլիս 2022
ՀՅԴ Արցախի կառույցի անունից դատապարտում ենք փաշինյանական վարչախմբի կողմից ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելումը:
Ապազգային այս վարքագիծը այլ բան չէ, քան հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դեմ ուղղված քայլ և ուղակի աջակցություն թուրք-ադրբեջանական հայակործան քաղաքականությանը:
Ընկեր Մուրադ Փափազյանն իր գիտակցական ամբողջ կյանքը նվիրել է Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Դաշնակցական գործիչը, դաշնակցության ավանդույթներին համահունչ, քիչ է բարձրաձայնում արածի մասին: Անշուշտ, պատմությունը կվկայի նրա՝ անսակարկ նվիրումի արդյունքում ունեցած ազգեցիկ դերակատարությունը հայ ժողովրդին ի նպաստ արձանագրված հաղթանակների շարքում:
Այդ առումով Մուրադ Փափազյանը մեծ դեր է ունեցել հայ-ֆրանսիական հարաբերությունների, Ֆրանսիայի տարբեր ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև՝ Արցախյան հիմնահարցի ուղղությամբ Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշումների արձանագրման աշխատանքներում:
Արցախի քաղաքական դաշտում միշտ կարևորվել է եռամիասնության գաղափարը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այն կարևոր կռվանն է, որի վրա հենվելով՝ հայ ժողովուրդը հնարավորություն ունի բազմապատկելու իր ներուժը և արդյունավորելու ազգային իդեալների ուղղությամբ տարվող պայքարը: Փաշինյանի կողմից Սփյուռքի հանդեպ տարվող քաղաքականությունը հարված է այդ եռամիասնությանը: Մուրադ Փափազյանը, լինելով Ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի համանախագահ, մեծ հեղինակություն է վայելում Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքում:
Ազգային միասնությանը հարվածող, թրքահաճո ուղղություն որդեգրած Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն ապացույցն է ապազգային մտայնության և շարունակությունն է պարտվողի հոգեբանական բարդույթի:
Համոզված ենք, որ Արցախյան 2020թ. պատերազմի հետևանքով վիրավոր Արցախի ապաքինումը հնարավոր կլինի ազգային արժեքների և միասնության վեհ գաղափարը կրող իշխանության առկայության դեպքում:
Կոչ ենք անում վերանայել Մուրադ Փափազյանի դեմ կամայական, ապօրինի կեցվածքը և չխորացնել հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ խրված պառակտման սեպը:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
15.07.2022թ.